ԱՄՆ-ն առաջվա պես հակված է  ղարաբաղյան հակամարտության երկու կողմերի հետ աշխատանք տանելուն` խաղաղության ձեռքբերման համար: Այդ մասին ապրիլի 26-ին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի փոխքարտուղար Պատրիկ Վենտրելլը:

Հարցին, թե Թուրքիայի ԱԳ նախարարությունը դատապարտել է 1915թ.-ին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ ապրիլի 24-ին ԱՄն-ի նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը, եւ որն է եղել ԱՄՆ-ի արձագանքն այդ վերաբերյալ, Պատրիկ Վենտրելն ասել է. «Հայտարարությունն ամեն ինչ ասում իր մասին եւ ես նույնպես կուղղեմ ձեզ նախագահի շատ դիպուկ ասված հայտարարությունը»:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը եւ Խոջալուի իրադարձություններին` Վենտրելը նշել է. «Մենք անցյալում արդեն խոսել ենք այդ մասին եւ ես կտամ նույն պատասխանը, այն է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պատերազմում  մարդկանց ողբերգական մահը, եւս մեկ անգամ հիշեցնում է մեզ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ: Միայն ամուր եւ խաղաղ կարգավորումը կարող է կայունություն, բարգավաճում եւ հաշտություն բերել տարածաշրջան: Եվ դուք գիտեք,որ Միացյալ Նահանգները հանդիսանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը, եւ մենք առաջվա պես հակված ենք երկու կողմերի միջեւ խաղաղության հաստատման աշխատանքները շարունակելուն»: