2013 թ. առաջին եռամսյակում Հայաստան է ներկրվել 8299 ավտոմեքենա, տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն:

2012 թ. առաջին եռամսյակի համեմատ ներկրված ավտոմեքենաների թիվն ավելացել է 1441-ով կամ 21%-ով;

Ավտոմեքենաների ներկրումից այս տարի մաքսային մարմինները գանձել են 8,6 մլրդ դրամ (մոտ 21 մլն դոլար), նախորդ տարվա 8.1 մլրդ դրամի համեմատ: Մաքսային գանձումների ոչ համամասնական աճը պայմանավորված է նրանով, ներմուծված մեքենաների աճը հիմնականում տեղի է ունեցել մինչեւ 10 հազ. դոլար արժեղությամբ մեքենաների մասով:

Այսպես՝ 2013 թ. ներկրված մեքենաների կեսից ավելին կամ 5121-ը մինչեւ 5 հազ. դոլար արժողությամբ են: Յուրաքանչյուր հինգերորդ ներկրված ավտոմեքենա (1656 հատ) ունեցել է 5-10 հազ. դոլար արժողություն:

Թանկարժեք մեքենաների (30 հազ. դոլարից ավելի արժողությամբ) մեքենաների թիվը կազմել է 399 կամ ընդհանուրի 4,8%-ը: Նախորդ տարի առաջին եռամսյակում ներմուծվել էր 567 թանկարժեք ավտոմեքենա:

Նշենք, որ 2012 թ. ընդհանուր առմամբ Հայաստան էր ներկրվել 34,7 հազ. հատ ավտոմեքենա: