Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովն այսօր՝ ապրիլի 29-ին չորսօրյա նիստը սկսեց 2008 թ. մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերին մի շարք ուժային կառույցների (ՀՀ ոստիկանություն, Հատուկ քննչական ծառայություն, ՀՀ գլխավոր դատախազություն) գործողությունների հիմնավորվածությունն ու օրինականությունը ստուգելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը;

ԱԺ որոշման նախագիծը հեղինակել են Ստեփան Դեմիրճյանը, Լեւոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Նիկոլ Փաշինյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Արամ Մանուկյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը որոշման լրամշակված նախագծի նկատմամբ առարկություն չունի:

ՀՀԿ խմբակցության անունից Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ եւս դեմ չեն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գաղափարին, սակայն ունեն մի շարք առաջարկություններ եւ ցանկանում են համատեղ աշխատել որոշման նախագծի վրա;

Հեղինակների անունից Գագիկ Ջհանգիրյանը ՀՀԿ խմբակցության առաջարկների մի մասի հետ համաձայնեց, ինչպես նաեւ դրական վերաբերեց հարցի քվեարկությունը հաջորդ քառօրյա տեղափոխելուն:

Ի դեպ՝ Գ. Ջհանգիրյանը նշեց, որ ամեն ինչ խոսում է այն մասին, որ ներքին զորքերի կապիտանի մահը մարտի 1-ին ոչ թե սպանություն էր, այլ զենքի հետ կապված անզգույշ վարմունքի հետեւանք: