Կարեւոր չէ` ինչքան մարդ է այսօր հավաքվել Ազատության հրապարակում, կարեւորը մեր միասնական նպատակն է` ժողովրդի իրավունքների համար պայքարը: Այս մասին, այսօր` մայիսի 1-ին, Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Օրեր են եղել, որ այստեղ հավաքվել է 50 հազար մարդ: Կարեւորն այն է, որ 5 մլն հայ ցանկանում է տեսնել նոր Երեւան, նոր Հայաստան: Այսօր մենք Սահմանադրության երկրորդ կետի համաձայն անխափան հնարավորություն ունենք պայքարելու մեր իրավունքների համար»,- հայտարարել է Հովհաննիսյանը:
Նա կոչ է արել` համեմատել «Բարեւ Երեւան» դաշինքի համամասնական ցուցակի անդամների կենսագրությունը մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնի համար պայքարող այլ կուսակցությունների համապատասխան ցուցակի անդամների կենսագրության հետ: Հովհաննիսյանը հերթական անգամ հավաստիացրել է հավաքվածներին, որ մայիսի 5-ին Երեւանի ավագանու ընտրություններից հետո մայրաքաղաքում այնպիսի իրավիճակ է տիրելու, որն առանց «Բարեւ Երեւան» դաշինքի անհնար է պատկերացնել:
«Եթե արդար եւ ազատ ընտրություններ անցկացվեն, դաշինքն առաջինը կլինի: Հետեւաբար ես կոչ եմ անում ՀՅԴ-ին, ՀԱԿ-ին, «ԲՀԿ»-ին, «ՕԵԿ»-ին, ՀՀԿ-ին եւ «Առաքելություն» կուսակցությանը` չդիմել կեղծիքների»,- հայտարարել է Հովհաննիսյանը: Նա նշել է, որ երեւանցիներն իրենք պետք է կատարեն իրենց ընտրությունը մայիսի 5-ին, սակայն իրավիճակի պատասխանատվությունը նրանք իրենց վրա պետք է վերցնեն: Միաժամանակ, Հովհաննիսյանը հայտարարել է, որ մտադիր է մայիսի 5-ին անակնկալ մատուցել իշխանություններին: «Իշխանությունները հաջորդ 5 տարին չեն մնա Բաղրամյան 26 պողոտայում, եւ Տարոն Մարգարյանը մայիսի 5-ից հետո մայրաքաղաքի քաղաքապետ չի լինի»,- խոստացել է Հովհաննիսյանը: Իր ելույթի վերջում Հովհաննիսյանը երեւանցիներին շնորհավորել է կենդանաբանական այգու բացման ժամանակաշրջանի եւ Աշխատավորների օրվա կապակցությամբ:




























