Ստանալով ձայների մեծամասնությունը` «Բարեւ, Երեւան» դաշինքը կլուծի երեւանցիներին հուզող խնդիրները, կվերադարձնի հին, անհոգ ժամանակները, երբ երեւանցիները ժպտում էին հանդիպելիս: Այդ մասին այսօր` մայիսի 1-ին կայացած հանրահավաքում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով գլխավորում է Երեւանի ավագանու ընտրություններում դաշինքի համամասնական ընտրացուցակը:
Ներկայացնելով դաշինքի ծրագիրը` Մարտիրոսյանը նշել է, թե առաջիկայում, հաղթելով ընտրություններում, դաշինքը մտադիր է մետրոյի նոր կայարան բացել, բարելավել ճանապարհների որակը, լուծել կանաչապատման խնդիրները, իսկ ապօրինություններ կատարածներին պատժել օրենքի ամբողջ խստությամբ:
Մարտիրոսյանը նշել է, թե երեւանցիները հնարավորություն ունեն մայրաքաղաքում փոփոխություններ անել իրավական եղանակով:
Մարտիրոսյանի ելույթից հետո «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը, ի հեճուկս նախօրեին տարածված հայտարարության, թե Ազատության հրապարակում հանրահավաք է կայանալու, հայտարարել է, թե սա հանդիպում էր Կենտրոն վարչական շրջանի ընտրողների հետ:
Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am




























