Թուրք-ամերիկյան հարաբերություններն ունեն խորը ռազմավարական նշանակություն, եւ հարկ է հաշվի առնել, որ ԱՄՆ-ը երբեք թույլ չի տա, որ ոտնահարվեն իր ռազմավարական գործընկերոջ շահերը, առավել եւս` երբ շահերը համընկնում են: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը` մեկնաբանելով հօգուտ Թուրքիայի Քալիֆորնիայի դատարանի վճիռը:
«Ինջիրլիքի ռազմակայանի դեպքում ակնհայտ է, որ ԱՄՆ-ը ունի իր շահը, այնտեղ հենց ամերիկյան զորքեր են տեղակայված, եւ հստակ էր, թե ցանկացած դեպքում դատարանի որոշումը լինելու է հօգուտ Թուրքիայի»,- ասել է Մելքոնյանը:
Հարցին, թե որքանով էր արդարացված ամերիկահայերի հայցը` հաշվի առնելով վերը նշվածը, թուրքագետը պատասխանել է, թե մի կողմից հերթական անգամ բացահայտվեց ԱՄՆ-ի եւ Թուրքիայի կողմնակալ հարաբերությունը. «Սակայն մյուս կողմից, այդ քայլը չարդարացված էր անիմաստ ծախսերի առումով, եւ թուրքական լրատվամիջոցներին հնարավորություն տալով գրելու, թե հայերը հերթական ձախողումը կրեցին իրավական հարթությունում»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, թե մի խումբ ամերիկահայերի կողմից Ինջիրլիքի ամերիկյան ռազմակայանի տարածքի հարցով ներկայացված հայցով Քալիֆորնիայի դատարանը վճիռ է կայացրել հօգուտ Թուրքիայի: Գրեթե երեք տարի տեւած դատաքննությունն ավարտվել է դատարանի վճռով, ըստ որի «հարցը կրում է քաղաքական, այլ ոչ՝ դատական բնույթ»:
Հիշեցնենք, որ 2010թ. դեկտեմբերին ամերիկահայերի խումբը հայց էր ներկայացրել, որում Ցեղասպանության զոհերի ժառանգները պնդում էին, թե Թուրքիայի կառավարությունը յուրացրել է իրենց նախնիներին պատկանող տարածքները` մի քանի հա մեծությամբ, եւ 64 մլն դոլարի փոխհատուցում էին պահանջում: Այդ հողատարածքները, ըստ հայցվորների, գտնվում էին Ադանա նահանգում եւ ներկայիս ամերիկյան Ինջիրլիք ռազմակայանի տարածքն էին ընդգրկում: Հայցը ներկայացրել էր փաստաբան վարդգես Եղիայանը, ում կինը եւս հայցվորների թվում էր:



























