Բրիտանական հայտնի հիվանդանոցները հայտնվել են մարդկային օրգանների հետ կապված սկանդալում:  Sun-ի լրագրողները պարզել են, որ մահացած մարդկանց կենսական կարեւորություն ունեցող հարյուրավոր օրգաններ տարիներով պահվել են բուժհաստատություններում` առանց վախճանված հիվանդների հարազատների թույլտվության:

Հարազատներին ընդհանրապետ ոչինչ չեն ասել օրգանները հանելու մասին  (այդ թվում նաեւ երեխաների):  Այդ ամենը գաղտնի է պահվել 20 տարվա ընթացքում:  Եվ միայն այժմ Լոնդոնի խոշորագույն Guy’s եւ St Thomas’  հիվանդանոցների աշխատակիցները կապվում են  ընտանիքների հետ եւ հայտնում ցնցող տեղեկություններ:

Հաղորդվում է, որ բժիշկները մարմնի մասերը հանել են հետազոտությունների համար` Լոնդոնի Թագավորական քոլեջին կից դատաբժշկական փորձաքննության բաժնում: Սակայն 2000թ. բաժինը փակվել էր, իսկ օրգանները պահպանության էին հանձնվել  Guy’s եւ St Thomas’ հիվանդանոցներին: Այնտեղ դրանց մասին պարզապես մոռացել էին: Իսկ հիվանդների հարազատներին չէին տեղեկացրել:

«Անտեր» օրգանների մասին հայտնի է դարձել միայն այն բանից հետո, երբ հիվանդանոցների ղեկավարությունը ստուգումներ է սկսել, որոնց ընթացքում հայտնաբերվել են վախճանված հիվանդներին պատկանող  շուրջ 500 օրգաններ: Դրանց մի մասը պահվել էին 1992թ.-ից, հայտնում է vesti.ru-ն:

Լինդա Դորոբան մահացել էր 45 տարեկանում` ուղեղի արյունահոսությունից: Դա տեղի էր ունեցել 1996թ. Սուրբ Ծննդին: Այն մասին, որ իր մեռած մոր ուղեղն են «հափշտակել»,  Լինդայի որդի Դարենը չի իմացել, քանի դեռ իրեն չեն վերադարձրել օրգանը: Այժմ Դարենն այլ տուժածների հետ հուսով է դատարանի միջոցով հասնել փոխհատուցման: