Կաունասում ընթանում է Չեչնիայի նախկին նախագահ Ջոհար Դուդաեւի որդու` Դեգի Դուդաեւի դատաքննությունը: 30-ամյա Դեգին մեղադրվում է անձնագրերի կեղծման, հանցավոր խումբ ստեղծելու, թմրանյութեր պահելու մեջ:

Լիտվական լրատվամիջոցների փոխանցմամբ, գործով անցնում են նրա եւս երեք հանցակիցներ` Կաունասի 26-ից 37 տարեկան բնակիչներ: Մեղադրյալներից միայն մեկն է գտնվում անազատության մեջ, երեք անձ, այդ թվում` Դուդաեւը դատաքննության ընթացքում գտնվում են ազատության մեջ:

Ջոհար Դուդաեւի կրտսեր որդին ձերբակալվել էր դեռ 2011թ. գարնանը: Նրա մոտ յոթ կեղծ անձնագիր էին գտել: Կաունասում դրանից հետո ձերբակալել են նրա հանցակիցներին: Ձերբակալվածներից մեկի տանն իրավապահները անձնագրերի կեղծման սարքավորումներ էին գտել: Ըստ ոստիկանների, նրանք կեղծ անձնագրերը վաճառում էին Ռուսաստանից եւ Վրաստանից ժամանած ապօրինի ներգաղթյալներին: