Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը 1973թ-ից ի վեր առաջին անգամ չի այցելի Ազգերի համագործակցության կառավարական հանդիպումը, որը նոյեմբերին կկայանա Շրի-Լանկայում:
Համագործակցության ղեկավարների հանդիպմանը թագուհուն կներկայացնի Ուելսի արքայազնը, ասվում է Բուքինգհեմյան պալատի հայտարարությունում: Այցը չեղյալ հայտարարելու պատճառները չեն հաղորդվում, սակայն բրիտանական լրատվամիջոցները հիշեցնում են թագուհու պատկառելի տարիքի մասին: Վերջինս այս տարի դարձել է 87 տարեկան:
Թագուհին շարունակում է ակտիվ ապրելակերպ վարել և նախկինի պես բազմաթիվ միջոցառումների է մասնակցում: Այնուամենայնիվ, տարիքն անում է իրենը. նախորդ տարվանից ի վեր թագուհնի դադարեցրել է արտերկիր մեկնելը` այդ պատվավոր պարտականությունը զիջելով թագավորական ընտանիքի մյուս անդամներին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Ազգերի համագործակցության 54 առաջնորդներ հավաքվում են 2 տարին մեկ անգամ` քննարկելու եւ ընդհանուր որոշումներ կայացնելու գլոբալ խնդիրների շուրջ: Ավանդաբար համագործակցության ղեկավար է ընտրվում Մեծ Բրիտանիայի միապետը, սակայն նրա գործունեությունը խորհրդանշական բնույթ է կրում:



























