«Որպես պետություն՝ մենք չէ, որ, սահմանում ենք գազի գինը, սակայն կառավարությունը, հնարավորության դեպքում, պետք է օգնի անապահով ընտանիքներին, որպեսզի վերջիններս խուսափեն գազի սակագնի թանկացման ցնցումներից»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ նախագահի խորհրդական, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը։

Հստակեցնելով, որ խոսքն ամբողջական սուբսիդավորման մասին չէ, նա ընդգծեց, որ հարուստները եւ միջին խավը չպետք է օգտվեն այդ ծրագրից, եւ առաջնահերթ նախապատվությունը պետք է տրվի անապահով խավին։

Անդրադառնալով գազի գնի բարձրացման բացասական հետեւանքներին՝ Թ. Մանասերյանը նկատեց, որ երեւույթը կարող է հանգեցնել գնողունակության անկման եւ բերել գազի սպառման ծավալների կրճատման։ «Գազի գնի բարձրացումներն էական հետեւանքներ կունենան ոչ միայն ազգաբնակչության, այլ նաեւ տնտեսության՝ հատկապես արդյունաբերության համար, ինչի հետեւանքով չեն բացառվում նաեւ թանկացումները»,- նշեց նա։

Անդրադառնալով տնտեսական աճի թեմային՝ Թ. Մանասերյանը համոզմունք հայտնեց, որ եթե կառավարության՝ ԱԺ-ում հավանության արժանացած ծրագիրն իրականացվի, ապա լրիվ իրատեսական է, որ նշված կանխատեսումներից առնվազն երկու անգամ բարձր տնտեսական աճ գրանցվի։ «Խոսքը վերաբերում է, օրինակ՝ Հայաստանում ազատ տնտեսական գոտիների ձեւավորմանը՝ մերձսահմանային առեւտրային գոտու հիմնմանը Իրանի, իսկ հարաբերություների կարգավորումից հետո՝ նաեւ Թուրքիայի հետ»,- ամփոփեց ԱԺ նախագահի խորհրդականը։

Հիշեցնենք, որ կառավարությունը 2010 թ. համար 1.2 տոկոս տնտեսական աճ էր կանխատեսել։