Կուբայից վեց հազար բժիշկ կուղեւորվի Բրազիլիա` տարբեր գյուղերի բնակիչներին բժշկական օգնություն տրամադրելու համար: Ըստ The Wall Street Journal-ի` այդ մասին հայտարարել է Բրազիլիայի ԱԳ նախարար Անտոնիու Պատրիոտան` ընդգծելով, որ այդ քայլը կձեռնարկվի ռազմավարական գործընկերության զարգացման շրջանակում:
Բժշկական միացյալ ծրագիրը կհամակարգի Առողջապահության համաամերիկյան կազմակերպությունը: Միաժամանակ, ինչպես հայտնել է BBC News-ը, բրազիլացի բժիշկներին համախմբող Բժշկական դաշնային խորհուրդն իշխանությունների այս նախաձեռնությունը համարել են «անպատասխանատու» եւ քաղաքականացված:
Կուբան հայտնի է առողջապահության զարգացած համակարգով եւ արդեն տասնյակ հազարավոր Կուբայի բժիշկներ գործել են Վենեսուելայում, որն ի պատասխան` նվազեցված գներով կղզի նավթ է մատակարարում: Բրազիլիայում որակավորված բժիշկների մեծամասնությունը բնակվում է խոշոր քաղաքներում, մինչդեռ գյուղական բնակավայրերը նման կադրերի մեծ պահանջ են զգում:
Պատրիոտայի խոսքով` Բրազիլիան իր հերթին կմասնակցի Կուբայում մի շարք ենթակառուցվածքային նախագծերում, այդ թվում եւ Հավանայի օդանավակայանի արդիականացմանը: Բրազիլիայի կառավարությունն այդ նպատակով մտադիր է 176 միլիոն դոլարի չափով վարկ վերցնել, հայտնում է Lenta.ru-ն:




























