Հունգարիայի լրատվամիջոցների հարցերով խորհուրդը տուգանել է Magyar Hirlap օրաթերթին գնչուների հասցեին վիրավորական մեկնաբանությունների համար: Հունվարին տպագրված սյունակում լրագրող Ժոլտ Բայերը գնչուներին կենդանիներ էր անվանել` հայտարարելով, թե գնչուական համայնքի մեծ մասը արժանի չէ ապրելու հունգարների մեջ: Նա նաեւ քննադատել էր գնչու երիտասարդներին Բուդապեշտի մերձակայքում ամանորյա գիշերը տեղի ունեցած ծեծկռտուքի համար: Բայերի հայտարարությունը բուռն քննարկում էր հարուցել, գրում է BBC-ն:
Մարտին Հունգարիայում հեղինակավոր մրցանակ էր հանձնվել հակագնչուական եւ հակասեմիթական արտահայտություններով հայտնի լրագրող Ֆերենց Սանիսլոյին: Չնայած քննադատությանը` կառավարությունը հայտնել էր, թե մրցանակը չի կարող ետ վերցնել:
Նշենք, որ Հունգարիայում այլատյացության դրսեւորումների աճ է գրանցվել: Աջ արմատական «Յոբիկ» կուսակցությունը մայիսի 5-ին Բուդապեշտում ցույց էր արել համաշխարհային հրեական կոնգրեսի անցկացման դեմ:




























