Քրեական գործ է հարուցվել այն անձանց նկատմամբ, ովքեր 2009-ի դեկտեմբերի 27-ին Երեւանի Վարդանանց փողոցում հարձակվել էին 10-րդ ընտրատարածքում նշանակված ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններում ընդդիմադիր թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավն իրականացնող երիտասարդների վրա: Այդ օրը նրանք թռուցիկներ էին բաժանում, երբ 25-30 հոգի հանկարծակի հարձակվել էին ընդդիմադիր ակտիվիստների վրա եւ ծեծի ենթարկել նրանց: Արդյունքում երիտասարդներից 5-ը տեղափոխվել էին հիվանդանոց: Դեպքը տեղի էր ունեցել պատգամավորության թեկնածու (նա հիմա ԱԺ պատգամավոր է) Արամ Սիմոնյանի շտաբի անմիջական հարեւանությամբ, եւ երիտասարդների պնդմամբ, այդ հանցագործները դուրս էին եկել հենց այդ շտաբից:
Ներկայումս գործը հարուցվել է Վահան Նադաղյանի եւ Դավիթ Սիմոնյանի դեմ, որոնք կրում են «Նադալ» եւ «Կյաժ» մականունները: Նրանք մեղադրվում են Քրեական օրենսգրքի 117-րդ (Դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը) եւ 118-րդ հոդվածներով (Ծեծը): Սահմանված պատիժը տուգանքն է՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը 150-ապատիկի չափով կամ կալանքը` առավելագույնը երկու ամիս ժամկետով: Գործն առաջիկայում կուղարկվի դատարան:
Տուժող կողմը, սակայն, պնդում է, որ պետք է քրեական գործը հարուցվեր այլ հոդվածներով, մասնավորապես՝ 149-րդ hոդվածով (Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը) եւ 258-րդ հոդվածով (Խուլիգանություն), որոնք ավելի խիստ պատիժ են նախատեսում:




























