Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն այսօր հանրությանը վստահեցրել է, որ 2010թ. ապրիլի 1-ից գազի սակագների բարձրացումը չի անդրադառնալու էլէկտրաէներգիայի սակագնի վրա եւ այն մնալու է անփոփոխ: Նա ընդգծել է, որ անգամ գազի գնի թանկացումից հետո, միեւնույնն է, այն` որպես ջերմատվության աղբյուր, ավելի էժան է, քան էլեկտրաէներգիան:
"Այսօրվա նիստում հաստատված մեր սակագների մակարդակը հնարավորություն է տալիս այս տարածաշրջանում լինել մրցունակ, եթե դա, իհարկե, կապում եք ուղղակի գազի գնի հետ։ Գազը տվյալ պարագայում չի կարող խանգարել, որ մեր արդյունաբերողները մրցունակ լինեն, որովհետև եթե նայեք, մեր հարևան երկներում՝ Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում, Թուրքիայում, կտեսնեք, որ արդյունաբերողների համար շատ ավելի բարձր է սակագինը, քան մեր հայրենական արտադրողների համար,- հավելել է ՀԾԿՀ նախագահը։
Նա սակայն, «մոռացել» է համեմատել այդ երկրներում բնակչության համար գազի ու էլեկտրաէներգիայի սակագները մեր մոտ սահմանված սակագների հետ: Փոխարենը, Հանձնաժողովի նախագահն «ավետել է», որ տրանսպորտի համար գազի գինը կարող է բարձրանալ։
«Ընդհանրապես երբ գազի սակագինը բարձրանում է, տրամաբանական է, որ որոշակի ազդեցություն կունենա այն տնտեսվարող սուբյեկտների ինքնարժեքի վրա, որոնք իրենց գործունեության մեջ գազ են օգտագործում։ Տրանսպորտի բնագավառում, այն ձեռնարկություններում, որոնց վառելիքը համարվում է ոչ թե բենզինը, այլ գազը, մենք հաշվարկել ենք, որ թանկացումը գազալիցքավորման կայանների գազի այսօրվա ինքնարժեքի վրա կարող է շատ նվազ ազդեցություն ունենալ՝ ինքնարժեքը ավելացնել1 խմ-ի համար ընդամենը16 դրամով, ոչ ավելի, նույնիսկ 16-ից էլ մի փոքր քիչ»,- հայտարարել է Ռ. Նազարյանը։
Հիշեցնենք, որ այսօր ՀԾԿՀ-ն իր նիստում բարձրացրել է գազի սակագինը` 1 խմ դիմաց 96 դրամի փոխարեն սահմանելով 132 դրամ: Ինչ վերաբերում է ջրի սակագնին, ապա արդեն իսկ հանձնաժողովի օրակարգում է գտնվում այդ հարցը եւ Ռ. Նազարյանը ջրի թանկացումը վերապահումով, բայց հիմնավորված է համարում:



























