Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը ԱՄՆ-ին առաջարկել է թույլատրել Գերմանիայում Patriot հակաօդային պաշտպանության համակարգի համար PAC-3 MSE որսիչ հրթիռների արտադրությունը, գրում է Defence News.
Ըստ նրա՝ լրացուցիչ արտադրական հարթակը կօգներ կրճատել այդ սպառազինության դեֆիցիտը համաշխարհային շուկայում։
Պիստորիուսն այդ առաջարկով հանդես է եկել չորեքշաբթի Բեռլինում՝ լրացուցիչ մանրամասներ բացահայտելով ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հետ անցյալ շաբաթ Պենտագոնում անցկացված հանդիպման ընթացքում ձեռք բերած համաձայնության մասին։
Գերմանացի նախարարի գնահատմամբ՝ պայմանավորվածությունները արտացոլում են Գերմանիայում Patriot համակարգի բոլոր հիմնական տարրերը՝ PAC-2 և PAC-3 որսիչ հրթիռներից մինչև արձակման կայանքներ արտադրելու Բեռլինի պատրաստակամությունը։ Բացի դրանից, Գերմանիան պատրաստ է արտադրել նաև այլ ամերիկյան սպառազինություններ, որոնց մատակարարումները դաշնակիցներին սահմանափակված են արտադրական հզորությունների պակասի պատճառով։
Գերմանական MBDA ընկերությունն արդեն արտադրում է PAC-2 որսիչներ ամերիկյան Raytheon-ի լիցենզիայով։ Ավելի ժամանակակից և թանկ PAC-3 MSE-ն արտադրում է ամերիկյան Lockheed Martin-ը։ Այդ ընկերությունը համագործակցության համաձայնագիր ունի գերմանական Rheinmetall-ի հետ, ներառյալ՝ հրթիռային ոլորտում։
Միաժամանակ, PAC-3-ի արտադրությունը Գերմանիա կամ եվրոպական այլ երկիր տեղափոխելու որոշումը առաջին հերթին կախված է ԱՄՆ կառավարության և Lockheed Martin-ի դիրքորոշումից։ Կոնկրետ պայմանները նաև կորոշեն, թե արտադրական գործընթացի որ մասը հնարավոր կլինի տեղափոխել ԱՄՆ-ի սահմաններից դուրս։
Patriot-ի որսիչների տեխնիկական բնութագրերը համարվում են առավել խիստ պահպանվող ռազմական գաղտնիքներից մեկը։ Դրանց բացահայտումը կարող է հավանական հակառակորդներին օգնել այս հրթիռներին հակազդելու միջոցներ մշակել։
Արտադրության ընդլայնումն ունի նաև առևտրային կողմ. Patriot համակարգը տասնամյակներ շարունակ զգալի եկամուտներ է բերում դրա արտադրողներին և ԱՄՆ կառավարությանը։
Ավելի վաղ Ուկրաինիայի իշխանությունները հայտարարել էին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Ուկրաինային թույլատրել լիցենզիայով Patriot-ի որսիչներ արտադրել։ Սակայն հնարավոր գործարքի մանրամասները դեռևս հստակ չեն։
Patriot-ի որսիչներն առանցքային նշանակություն ունեն Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համար, որը այդ համակարգերն օգտագործում է ռուսական հրթիռային հարվածներից քաղաքները պաշտպանելու նպատակով։




























