«Մարտի 1-ի հանրահավաքին ընդառաջ Հայ ազգային կոնգրեսը պարբերաբար տեղեկություններ է ստանում իշխանությունների կողմից ձեռնարկվող ապօրինությունների վերաբերյալ»,- ասված է ՀԱԿ-ի տարածած հայտարարության մեջ, որում նաեւ նշվում է.

«Վերջին շաբաթվա ընթացքում վարչախումբը „բացատրական զրույցների“, սպառնալիքների միջոցով, հատկապես ՀՀ մարզերի բնակչությանը փորձում է հետ պահել մարտի 1-ին կայանալիք հանրահավաքին մասնակցելուց: Զուգահեռաբար մարզային տրանսպորտային ընկերություններին և անհատ փոխադրողներին հրահանգվել է անհրաժեշտության դեպքում մարտի 1-ին դադարեցնել ուղեւորափոխադրումը Երեւան:

Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է վարչախմբի հերթական ապօրինությունը և հայտարարում, որ նման ճղճիմ քայլերը որևէ ազդեցություն չեն ունենալու ինչպես մարտի 1-ին կայանալիք հանրահավաքի, այնպես էլ հետագա պայքարի վրա»: