Գրեթե եռամյա ընդմիջումից հետո վրաց-ռուսական սահմանի «Վերին Լարս» անցակետը այսօր՝ մարտի 1-ին վերսկսեց աշխատանքը:

Անցակետի աշխատանքի վերսկսման համաձայնությունը ձեռք էր բերվել վրացի եւ ռուս փորձագետների միջեւ Երեւանում եւ Կազբեգիում` Շվեյցարիայի ներկայացուցիչների մասնակցությամբ, եւ հաստատվել էր Ռուսաստանի ու Վրաստանի ԱԳՆ-ների նոտաներով:

Անցակետով կարող են անցնել միայն ավտոտրանսպորտային միջոցները: Հետիոտն անցումը, նաեւ մերձակա բնակավայրերի բնակիչների մեղմացված անցման ռեժիմը նախատեսված չէ: Վրաստանի եւ Ռուսաստանի քաղաքացիներին, որոնք ցանկանում են հատել սահմանը, անհրաժեշտ է վրացական կամ ռուսական վիզաներ ստանալ Շվեյցարիայի դեսպանատանը:

Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի ԱԴԾ ներկայացուցիչ Ալեքսանդր Սոլոդը, ԱՊՀ երկրների, Հարավային Օսիայի եւ Աբխազիայի քաղաքացիները կարող են հատել պետական սահմանը՝ միայն ունենալով օտարերկրյա, ծառայողական կամ դիվանագիտական անձնագրեր, նավաստու անձնագիր, կամ Ռուսաստան վերադառնալու հավաստագիր:

Հիշեցնենք, որ անցակետը չի գործում 2006 թվականից: Այն փակվել էր ռուսական կողմի՝ վերանորոգման պատրվակով:

2009թ. մայիսին կայացավ շինարարության ավարտման հանդիսավոր արարողությունը, իսկ հոկտեմբերի վերջին Մոսկվան եւ Թբիլիսին պատրաստակամություն հայտնեցին այն բացելու վերաբերյալ:

«Վերին Լարսի» թողունակությունը օրական 7 հազար մարդ է: