Մինսկում, այսօր՝ մայիսի 31-ին, տեղի է ունեցել Հայաստանի եւ Բելառուսի վարչապետներ Տիգրան Սարգսյանի եւ Միխայիլ Մյասնիկովիչի հանդիպումը: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները եւ համատեղ նախագծեր:

Միխայիլ Մյասնիկովիչը նշել է, որ երկու երկրների առեւտրատնտեսական եւ քաղաքական կապերը բավական դինամիկ են զարգանում: Դրան նպաստել են երկու երկրների ղեկավարների որոշումները, որոնք զգալիորեն խթանել են երկկողմ համագործակցության ընդլայնումը, հաղորդում է«ԲԵԼՏԱ»-ն:

Միաժամանակ, երկու երկրների համագործակցության ներուժը սպառված չէ, վստահ է Բելառուսի վարչապետը: Նրա կարխիքով՝ երկրները կարող են ավելացնել ապրանքաշրջանառությունը:

Տիգրան Սարգսյանն իր հերթին նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է համագործակցել Բելառուսի հետ գյուղատնտեսական մեքենաշինության, բելառուսական գյուղտեխնիկա գնելու ոլորտներում: Նրա խոսքով՝ բելառուսական գյուղտեխնիկան իրեն լավ է դրսեւորել հայկական շուկայում, որտեղ այդ տեխնիկայի  որակը բարձր են գնահատում: