Մեզ սպասվում են մարդկանց կյանքի վրա կլիմայական ազդեցության ուժգնացման տասնամյակներ, ինչը չափազանց լուրջ հետևանքներ կունենա կենսաբազմազանության համար։ Դրա մասին հոկտեմբերի 15-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի գործադիր տնօրեն Ինգեր Անդերսենը։

«Բնականաբար, բնության համար ռիսկերը վերաբերում են ամենատարբեր ոլորտների՝ պարենային անվտանգությանը, ջրային ռեսուրսներին, առողջապահությանը, էներգետիկային և ապրուստի միջոցներին։ Կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության, ինչպես նաև մեր առողջության ու բարեկեցության միջև փոխկապակցվածությունն ընդգծում է, թե որքան կարևոր է այս բնապահպանական մարտահրավերը դիտարկել որպես մեկ ամբողջություն, այլ ոչ թե որպես առանձին տարրերի հավաքածու։

Անհրաժեշտ է արագացնել միջոցառումների ընդունումը և ապահովել, որ բոլոր բազմակողմ բնապահպանական համաձայնագրերը գործեն համատեղ՝ հանուն մեր ընդհանուր նպատակների իրականացման։

Հաջողությունը հնարավոր է միայն այս բոլոր ոլորտներում քաղաքականության իրական ներդաշնակության, սիներգետիկ ազդեցությունների օգտագործման, համալիր համակարգային մոտեցումների կիրառման, ազգային մակարդակում համակարգման և համագործակցության ապահովման, ամբողջ հասարակության ներգրավման, ինչպես նաև հասանելի ֆինանսավորման օպտիմալացման և առավելագույն մեծացման պայմաններում։

Անկասկած, ֆինանսավորման ընդլայնումը վճռորոշ նշանակություն ունի. դա Մոնրեալում մեր ձեռք բերած պայմանավորվածությունների մի մասն էր։ Կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագիրը նախատեսում է տարեկան 200 միլիարդ դոլարի հատկացում։ Սակայն այսօր բնության պահպանության մեջ ներդրված յուրաքանչյուր մեկ դոլարին բաժին է ընկնում 30 դոլար, որը ծախսվում է դրա ոչնչացման վրա։

Գլոբալ շրջանակային ծրագիրը կենսաբազմազանության կորստի դադարեցման և այն հետ շրջելու լավագույն հնարավորությունն է, ավելի լավ աշխարհ կառուցելու լավագույն հնարավորությունը։ Հաջորդ շաբաթ իր աշխատանքը սկսում է COP17 համաժողովը, որն անցկացվում է մեր հրաշալի հյուրընկալողների՝ Հայաստանի ներկայացուցիչների վստահ ղեկավարությամբ»,- նշել է Անդերսենը։