Քաղաքացու՝ Երևանի քաղաքապետարան ներկայացված ահազանգի հիմքով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի (ՀՄԿ) մասնագետների կողմից իրականացված համակողմանի ուսումնասիրության և հոգեբանական-ախտորոշիչ հետազոտությունների արդյունքներով սովորողի նկատմամբ պարբերական ու համակարգված հոգեբանական կամ ֆիզիկական բռնության դրսևորումների մասին տեղեկությունը չի հաստատվել: NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Երեւանի քաղաքապետարանից՝ արձագանքելով այն հրապարակմանը, թե Երևանյան դպրոցում 12-ամյա երեխան պարբերաբար ծեծի է ենթարկվում։

«Արձանագրվել է, որ առկա են եղել առանձին, իրավիճակային կոնֆլիկտներ, որոնք պայմանավորված են եղել սովորողների տարիքային առանձնահատկություններով: Միջադեպերի առնչությամբ դպրոցի տնօրենության կողմից հրավիրվել են քննարկումներ, պարզաբանվել են հանգամանքները, և իրավիճակը գտնվել է մասնագետների ուշադրության կենտրոնում:

Դպրոցում սահմանվել է խիստ վերահսկողություն: Դպրոցի Սովորողի պաշտպանության (ՍՊ) թիմի և հոգեբանի կողմից իրականացվել և շարունակվում են կանխարգելիչ աշխատանքները՝ դասարանում դրական, համագործակցային մթնոլորտ ձևավորելու ուղղությամբ:

Դպրոցի տնօրենությանը տրվել են հստակ հանձնարարականներ՝ կանխարգելման աշխատանքներին զուգահեռ՝ յուրաքանչյուր կոնֆլիկտից հետո անհապաղ անցկացնել քննարկումներ, ապահովել սովորողների բարոյահոգեբանական վիճակի շարունակական դիտարկում և ակտիվորեն համագործակցել «Երևանի թիվ 4 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ:

Դպրոցի ղեկավարության, հոգեբանի և ՀՄԿ մասնագետների կողմից իրականացվել են բազմաթիվ հանդիպումներ, զրույցներ և հեռախոսազանգեր ինչպես սովորողի, այնպես էլ նրա ծնողի հետ: ՀՄԿ մասնագիտական եզրակացության համաձայն՝ սովորողը դրական վերաբերմունք ունի դպրոցի ու դասընկերների նկատմամբ, դասարանում սոցիալապես մեկուսացված չէ, իսկ նրա տագնապայնության ցուցանիշները չեն վկայում արտահայտված հուզական լարվածության մասին: Դպրոցի մանկավարժական անձնակազմին պարտավորվել է ցուցաբերել հավասարակշռված և զգայուն մոտեցում:

Ընթացիկ ուսումնական տարվանից ուժի մեջ են մտել ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների անվտանգության ապահովման չափանիշները, որոնց թվում ամրագրված է նաև սովորողների պաշտպանության թիմերի ձևավորման դպրոցների պարտավորվածությունը, նկարագրված են ՍՊ թիմի գործառույթները:

Բացի այդ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը սերտորեն համագործակցում է ՀՄԿ-ի հետ՝ ինչպես դպրոցների աշխատակիցների, այդ թվում՝ հոգեբանների կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի կազմակերպմամբ, այնպես էլ մի շարք ծրագրերով անմիջականորեն նպաստում է սովորողների հոգետոկունության ամրապնդմանը:

Հարկ է ընդգծել, որ Դպրոցների հետ տարվող ամենօրյա աշխատանքում առանցքային նշանակություն ունի բռնությունից զերծ կրթական միջավայր ձևավորելու առաջնահերթությունը»։