Չորս տարի առաջ Մոնրեալում երկրները ստանձնեցին լուրջ պարտավորություններ և համաձայնեցրին 23 թիրախային ցուցանիշ, որոնք ուղղված են նրան, որպեսզի մինչև 2030 թվականը կանգնեցվի և հակադարձվի կենսաբազմազանության կորստի գործընթացը։ Դրա մասին հոկտեմբերի 15-ին Երևանում անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմակերը։

«Մենք իսկապես կարող ենք կոտրել բացասական միտումները, քանի որ երկրները ակտիվորեն ներգրավվել են այս համակարգի շրջանակում աշխատանքին, ստանձնել են սեփական պարտավորությունները, քննադատաբար գնահատել են իրավիճակը և այժմ ռեկորդային թվով ներկայացնում են այդ պարտավորությունների կատարման մասին հաշվետվություններ։ Ավելի քան 140 երկիր արդեն ներկայացրել է ազգային զեկույցներ սահմանված նպատակների իրականացման ընթացքի վերաբերյալ։ Երկրների 90%-ը մշակել է ազգային թիրախային ցուցանիշներ, որոնք համապատասխանում են գլոբալ խնդիրներին։ Սա աննախադեպ արդյունք է։ Այս ցուցանիշներն ընդգրկում են 23 նպատակների ամբողջ սպեկտրը՝ կենսաբազմազանության կորստի պատճառների վերացումից և տնտեսական պայմանների փոփոխությունից մինչև կայուն սպառման ու արտադրության անցում, ինչպես նաև բազմաթիվ այլ ասպեկտներ։

Սակայն մենք չպետք է պատրանքներ ունենանք․ դեռևս շատ բան կա անելու։

Երբ ասում են, թե ֆինանսավորում չկա, պետք չէ դրան հավատալ։ Միջոցներ կան, տնտեսությունները շարունակում են աճել, սակայն դրանք ծախսվում են այնպիսի գործունեության վրա, որը վնասում է տնտեսությանը՝ բնությունը աջակցելու և մեր մոլորակի կյանքը պահպանելու փոխարեն։

Առաջիկա COP17 համաժողովը կարևորագույն պահ է՝ այդ եզրակացությունները հիմք ընդունելու և դրանք կոնկրետ գործողությունների վերածելու համար։ Մենք այստեղ չենք, որպեսզի պարզապես արձանագրենք, թե գործերը լավ են ընթանում, մենք այստեղ ենք՝ հայտարարելու համար․ մենք պետք է ավելի լավ աշխատենք, և ավելի լավ ենք աշխատելու»,- հավելել է Շոմակերը։