Այսօր` մայիսի 31-ին, ժամը 13.30-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ընթացող ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ,  Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդական միությունը բողոքի ակցիա է անցկացրել (ֆոտոռեպորտաժ):  Նրանք իրենց պահանջները ձեւակերպել էին պաստառների վրա: Մասնավորապես, ցուցարարները պահանջում են ՀՀ-ում գործող իշխանություններից ձեռնարկել կոնկրետ քայլեր 2008 թվականի Մարտի 1-ին իրագործված սպանդը բացահայտելու եւ մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով, անհապաղ արձագանքել վերջին` Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում տեղ գտած ապօրինություններին, դատապարտել իշխող հանրապետական կուսակցության կողմից բոլոր տեսակի ընտրությունների հետեւողական կեղծումը, քաղաքացիների ահաբեկումը, ընտրակաշառքի բաժանումը, պահանջել դադարեցնել քաղաքական հետապնդումը Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների` Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ, եւ անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին, տվյալ արատավոր երեւույթների հանդուրժումը թույլ է տալու ՀՀ քաղաքացիներին ենթադրելու, որ ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովը Սերժ Սարգսյանի ոչ օրինակարգ իշխանության հետ ձեռք է բերել հանցավոր համաձայնություն Հայաստանը թալանելու գործում:

Նրանք կոչ են անում անարձագանք չթողնել ՀՀ-ում տիրող իրավիճակը եւ հավատարիմ մնալ ԵԽԽՎ-ի կողմից որդեգրած սկզբունքներին, նպաստել Հայաստանում Սահմանադրական կարգի վերականգնման եւ իրական ժողովրդավարության կայացման գործին: ՀԱԿ ցուցարարները կոչ են անում նաեւ ՀՀ-ում գործող բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին, քաղաքական ուժերին եւ Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքացիներին միանալ բարձրացված պահանջներին եւ ներկա գտնվել բողոքի ցույցին:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am