Եվրոպայի խորհրդի հրավերով՝ մայիսի 27-29-ին, Ստրասբուրգում ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի մշակույթի, ժառանգության եւ լանդշաֆտի գլխավոր կոմիտեի (CDCPP) երկրորդ նիստին:
Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստին մասնակցել են Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների 47 ներկայացուցիչներ: Քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի առաջնահերթությունների ցանկը 3 հիմնական ուղղություններով. ժողովրդավարություն եւ նորարարություն, մշակութային բազմազանություն, մշակույթի հասանելիություն, մատչելիություն:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանը ներկայացրել է նաեւ Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակներում իրականացվող մշակութային միջոցառումները, մասնավորապես՝ ս. թ. մայիսի 16-ին Ստրասբուրգի «Եվրոպայի պալատ» սրահում բացված հայ պատմամշակութային ժառանգությանը նվիրված «Հայաստան: Քարերի գաղտնիքը» խորագրով ցուցահանդեսը, ինչպես նաեւ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ը Երեւանում կայանալիք «Եվրոպական ժառանգության օրերի» համակարգողների տարեկան հավաքը:
Պլենար նիստի ընթացքում կայացել է նաեւ բյուրոյի նախագահի, փոխնախագահի ընտրություն: Բյուրոյի նախագահ է ընտրվել Իտալիայի ներկայացուցիչը, իսկ փոխնախագահի պաշտոնում` Հայաստանի ներկայացուցիչը:




























