Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների հետեւանքով հրազենային վիրավորում ստացած ԼՂՀ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, թեեւ դրական դինամիկա է նկատվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ Կենտրոնական կայազորի Զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատրյանը:

Նա նշեց, որ վերջինս աչքերը բացում է, խոսում է, բայց դեռ միջադեպի մասին որեւէ մեկի հետ չի խոսել: Հայտնի չէ, թե երբ Արտակ Բուդաղյանը Վերակենդանացման բաժանմունքից  կտեղափոխվի այլ բաժանմունք: Ինչ վերաբերում է երրորդ անգամ նրան վիրահատելուն, ապա Արամ Ասատրյանը նշեց, որ եթե ապաքինումը այսպես շարունակվի, ապա դրա անհրաժեշտությունը չի լինի:

Կրակոցների հետեւանքով մյուս տուժածը` Գորիսի բժշկական կենտրոնից «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված Սուրեն Խաչատրյանի թիկնապահի`  Նիկոլայ Աբրահամյանի առողջական վիճակը եւս լավ է, դրական դինամիկա է նկատվում:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Էրեբունի»  բժշկական կենտրոնի  հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել է, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը:

Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի եւ որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Վիրավորներին Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են Երեւան: Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք է եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ է ծագել, որը շարունակվել է Սյունիքի մարզպետի տան մոտ: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել է Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Գործի քննությունն իրականացնում է զինվորական դատախազությունը: