Վանա լճի հատակին հայտնաբերվել են մարջաններ (կորալներ) որոնք ունեն նույն տեսքն ինչ Կարմիր ծովում գտնվող մարջանները։
Թուրքական Bugun պարբերականի փոխանցմամբ՝ Վանա լճում ուսումնասիրության նպատակով սուզում իրականացրած Թահսին Ջեյլանը տեսագրել է մարջաններ, որոնք ունեցել են 10-ից մինչեւ 30 մետր երկարություն։
Վանի Հարյուրամյա համալսարանի պրոֆեսորներից Մուսթաֆա Սարը հայտնել է, թե նմանատիպ մարջաններ Թուրքիայի ոչ մի վայրում դեռեւս չէր հայտնաբերվել։
Նա նշել է, թե հայտնաբերված մարջանները գտնվել են Աղթամար կղզու մոտակայքում եւ առաջիկայում կկազմվի դրանց տեղադրության քարտեզները՝ դրանք պահպանության տակ առնելու համար։ Թուրք պրոֆեսորը շեշտել է, թե այդ մարջաններն ունեն հազար տարվա պատմություն եւ շատ նման են Կարմիր ծովի մարջաններին։




























