Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ բարդ ու պայթյունավտանգ, հայտարարել է սառեցված հակամարտությունների հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Անդրեյ Դեշչիցան հունիսի 12-ին Կիեւում կայացած Ռազմավարական քննարկաման ակումբի նիստի ժամանակ:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա իրավիճակն այնտեղ բավականին բարդ է, անըդհատ կա պայթյունի սպառնալիք` կապված Երեւանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ օդային հաղորդակցման ստեղծման հետ»,-ասել է նա, փոխանցում է Ուկրաինֆորմը:

Հատուկ ներկայացուցչի խոսքով` Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների` երկկողմ հանդիպում անցկացնելու ցանկության բացակայությունը վտանգներ է ստեղծում: Դեշչիցան ընդգծել է, որ ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահությունը հանդես է եկել երկկողմ առաջարկությամբ` երկու երկրների նախագահների հանդիպումը հնարավորինս շուտ անցկացնելու կապակցությամբ:

Ընդ որում, սառեցված հակամարտությունների հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը մատնանշել է տարածաշրջանում կայունացնող մի քանի գործոնների առկայությունը, որոնց թվին նա, մասնավորապես, դասել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահական ընտրությունները: Բացի այդ, Դեշչիցայի կարծիքով կայունացնող գործոն է հանդիսանում հաջորդ տարի Ռուսաստանում անցկացվելիք Սոչիի Օլիմպիական խաղերը: «Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի Կովկասում հանգիստ եւ անվտանգ լինի»,-ասել է նա` հավելելով, որ ՌԴ-ն կառուցողական դեր է խաղում տարածաշրջանում անվտանգության պահպանման հարցում: