Եվրոպացի գենետիկները վերականգնել եւ կոդազերծել են միջնադարյան բորոտության գենոմը: Նրանք պարզել են, որ Միջնադարում համաճարակն ավարտվել էր, երբ մարդու դիմադրողական համակարգը սովորել էր պայքարել բորոտության մանրէի դեմ, ասվում է Science ամսագրի հոդվածում:
Տյոիբինգենի (Գեմանիա) համալսարանի գիտնական Յոհաննես Քրաուզեն եւ իր գործընկերները ձեռնամուխ են եղել միջնադարյան բորոտության հարուցիչ Հանսենի (Mycobacterium leprae) ցուպիկի ուսումնասիրությանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Պահպանված տեղեկությունները վկայում են, որ բորոտությունը լայնորեն տարածված էր Եվրոպայում միջին դարերի առաջին կեսին: 16-րդ դարավերջին համաճարակն արդեն վերացել էր, եւ դրա պատճառներն անհայտ էին մնացել:
Քրաուզեն եւ իր գործընկերները ուսումնասիրել են 11-14-րդ դարերում Շվեդիայում, Դանիայում եւ Անգլիայում բորոտությունից մահացած մարդկանց մնացորդները: Գիտնականները վերցրել են ատամներից նմուշներ: Ի զարմանս իրենց` եվրոպացիների էմալը հարուցիչի բավականին շատ տարրեր է պարունակել:
Դա նրանց հնարավորություն է տվել վերականգնել մանրէի ամբողջական ծավալը: Գիտնականները այդ ստացված մանրէի ԴՆԹ-ն համեմատել են Mycobacterium leprae-ի ժամանակակից 11 տարատեսակների հետ: Պարզվել է, որ մանրէների բոլոր գեները գրեթե նույնական են եղել: Դա թույլ է տալիս ասել, որ տվյալ մանրէն սկզբնապես խիստ վարակիչ է եղել մարդկանց համար, սակայն ժամանակի ընթացքում այն կորցրել է իր ուժը, քանի որ մարդու դիմադրողական համակարգը հարմարվել է դրան ավելի արագ՝ մինչեւ հարուցիչը սովորել է հաղթահարել բոլոր պաշտպանիչ շերտերը:




























