Սանահինը հայ միջնադարյան արվեստի ամենանշանավոր հուշարձաններից է եւ երբ Հայաստանը միջազգային ասպարեզում ներկայացվում է, անպայման Սանահինն ու Հաղպատը մեծ հպարտությամբ ներկայացնում ենք աշխարհին, բայց այսօր ունենք մի իրավիճակ, երբ Սանահինի եկեղեցու ամբողջականության պահպանման խնդիրը հարցական տակ է: Այս  մասին, այսօր` հունիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց պատմական գիտությունների թեկնածու Գեւորգ Մելքոնյանը՝ խոսելով Սանահինի եկեղեցին կործանումից փրկելու  եւ այդ նպատակով հիմնադրամի ստեղծման մասին:

Նրա խոսքով՝ Սանահինի եկեղեցու գմբեթը գտնվում է մի այնպիսի վիճակում, երբ բուսածածկույթ եւ ծառներ են աճել, բացի այդ քարեր են թափվում եւ այնպիսի շաբաթ չկա, որ քարեր չթափվեն:

«Սա նշանակում է , որ վանքն իր ամրությամբ շատ թույլ վիճակում է եւ կարող է մի քանի տարի հետո ոչ թե մասնակի, այլ ամբողջական վերականգնման խնդիր առաջանա: 2016 թ-ին մենք կնշենք Սանահինի եկեղեցու եւ համալսարանի  1050-ամյակը, որին պետք է ըստ պատշաճի պատրաստվել»,- ասաց պատմաբանը:

Նա նաեւ նշեց, որ Սանահինը եղել է ոչ միայն միջնադարյան մշակույթի հոգեւոր կենտրոն, այլեւ կարեւոր կրթական կենտրոններից մեկը:

«Նա եզակի է, ոչ միայն իր ճարտարապետությամբ, այլեւ նրանով, որ այնտեղ եղել է դպրատուն, մատենադատարան, գրչատուն, մագիստրոսի համալսարանը, մեր Զաքարյանների, Կիլիկյան իշխանների դամբարանները: Տարածքը հարուստ է նաեւ մատուռներով եւ շուտով Սուրբ Սարգսի մատուռը կվերականգնվի: Նախաձեռնող խումբը որոշել է 2016 թ-ին ընդառաջ ստեղծել Սանահինի վերականգնմանն աջակցող հիմնադրամ: Արդեն ուսանողական խումբ է ստեղծվել, որն իր ներդրումը կունենա հիասքանչ եկեղեցու վերականգման աշխատանքներին: Կլինեն նաեւ մշակութային միջոցառումների նախաձեռնություններ՝ Սանահինի եկեղեցու գիրքը, որ մարդիկ այցելելուց զատ հավելյալ տեղեկություն ստանան գրքերի, աշխատությունների միջոցով»,-ասաց նա՝ հավելելով, որ դիմելու են եւ գործարարներին եւ քաղաքացիներին, ովքեր կցանականան իրենց ներդրումն ունենալ այս գործին:

Սա միայն եկեղցու եւ Մշակույթի նախարարության խնդիրը չէ, այլ բոլորիս: Իսկ եկեղեցուն դեռեւս վերականգնման հարցով չեն դիմել: Հարկ է նկատել, որ Սանահինի եկեղեցին հայ եկեղեցու սեփականությունն է, իսկ եթե ավելի շուտ վերակառուցումը նախաձեռնվեր ավելի քիչ միջոցներ կպահանջվեին»,-ամփոփեց Գեւորգ Մելքոնյանը::