NEWS.am-ը զրուցել է ՀՀ դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանի հետ:

Պրն Զաքարյան, վերջին թանկացումները ինչպե՞ս կանդրադառնան դեղերի շուկայի վրա:

Անշուշտ, ազդեցություն կլինի: Դեղ արտադրող ընկերություններում ինքնարժեքը կբարձրանա էլեկտրաէներգիայի պատճառով, իսկ հայտնի է, որ տեղում արտադրված դեղերի կարեւոր առավելություններից մեկը ներմուծվածների նկատմամբ ցածր գինն է: Սակայն ներմուծված դեղերը նույնպես կարող են թանկանալ, քանի որ ավելանում են տրանսպորտային ծախսերը, պահպանման ծախսերը: Դուք գիտեք, որ դեղերի պահպանումը հատուկ ջերմային ռեժիմ է պահանջում, իսկ դա էլեկտրաէներգիայի լրացուցիչ ծախս է:

Նոր՝ GMP ստանդարտների ներդրումը չի՞ ազդի գների վրա:

Դա այլ խնդիր է; GMP ստանդարտների կիրառումը պահանջում է ֆինանսական ներդրումներ: Օրինակ՝ օդորակիչների ֆիլտրներն այլեւս չես կարող գնել պարզապես լավ արտադրողներից: Դրանք պետք է լինեն յուրահատուկ, որպեսզի բավարարեն GMP ստանդարտներին; Իսկ նման յուրահատուկ ֆիլտրեր սահմանափակ արտադրողներ են առաջարկում, սովորաբար եվրոպական առաջատար ընկերություններ, ու դրանք մի փոքր թանկ են: Նման պահանջներն իրոք մի փոքր կարող են ազդել տեղական արտադրողի գնի վրա:  

Ձեր տեղեկություններով՝ մեր դեղագործական ընկերություններն իրոք նման ներդրումներ կատարո՞ւմ են:

Այո, գործընթացն ընթանում է: Ուղղակի կազմակերպությունները տարբեր ճանապարհ են անցնում, ու տարբեր ժամանակահատվածներում պատրաստ կլինեն GMP ստանդարտներին: Մեր գնահատականով՝ արդեն սեպտեմբերին 3 կազմակերպություններ՝ «Ֆարմաթեք», «Լիկվոր» եւ «Արփիմեդ» պատրաստ կլինեն հայտեր ներկայացնելլու փորձագիտական կենտրոնին՝ GMP սերտիֆիկատներ ստանալու:

Իսկ փոքր դեղագործական ընկերությունները կկարողանա՞ն հասնել GMP ստանդարտներին: 

Միանշանակ՝ այո: Ուղղակի ավելի շատ ժամանակ է հարկավոր: Ստանդարտները բոլորի համար նույնն են, սակայն փոքրերը մի քիչ ավելի դժվար են ֆինանսներ հայթայթում: Արդեն 2014 թ. եւս մի քանի կազմակերպություն հայտ կներկայացնեն; Բացի այդ՝ վարչապետի հանձնարարականով կկազմենք ժամանակացույց, ու ամեն մի կազմակերպություն կիմանա, թե երբ պետք է ավարտի գործընթացը: Այդ ժամանակացույցը մոնիթորինգի կենթարկվի թե մեր, թե կառավարության կողմից:

Ամառվա շոգերը սկսել են, ու շատ կարեւոր է, թե դեղատներում դեղն ինչ ջերմային ռեժիմով է պահպանվում: Ըստ ձեզ՝ կա՞ պատշաճ վերահսկողություն այս առումով:

Որոշակի նորմատիվներ սահմանված են, ու այդ նորմատիվները համապատասխանում են միջազգային ստանդարտներին: Դեղատնային խոշոր ցանցերը միանշանակ ապահովում են այդ նորմատիվները: Փոքր դեղատներում գուցե փոքր շեղումներ լինեն՝ օդորակիչները ամեն օր չմիացնեն, սակայն դա վերահսկելը շատ դժվար է, գրեթե անհնար: Սա ավելի շուտ մշակույթի հարց է; Բայց նշեմ, որ սառնարաններ բոլորն ունեն, քանի որ դեղեր կան, որ առանց սառնարանային պայմանների ուղղակի պահպանել հնարավոր չէ: Օդորակիչները միացնելն է երբեմն խնդրահարույց դառնում:

Բայց այդ օդորակիչը միշտ չէ, որ դեղատուն մտնողին օգուտ է: Դա եւս պետք է ճիշտ տեղում տեղադրել, որ հիվանդի վրա չփչի:

Համաձայն եմ, ամռան շոգին մարդիկ քրտնում են, հետո հայտնվում օդորակիչի տակ: Դա նույնիսկ առողջ մարդուն կարող է հիվանդացնել: Օդորակիչների միջոցով միկրոկլիման կամ պետք է ամենուրեք ապահովել (անգամ՝ տաքսիներում), կամ ընդհանրապես հանել՝ օգտագործելով ջերմային ռեժիմի կարգավորման ավելի անվտանգ միջոցներ:

Զրուցեց՝ Սամվել Ավագյանը