Իտալիայի փոխվարչապետ և «Լիգա» կուսակցության առաջնորդ Մատթեո Սալվինին Corriere della Sera-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իտալիան պետք է շարունակի երկխոսությունը Ռուսաստանի հետ՝ չնայած Ուկրաինայում շարունակվող պատերազմին և ռուսական հիբրիդային գործողությունների մասին հաղորդումներին։
«Մենք պարտավոր ենք շարունակել խոսել բոլոր կողմերի հետ», - հայտարարել է Սալվինին՝ ընդգծելով, որ Իտալիան չի մասնակցում պատերազմին։ Նրա կարծիքով՝ եթե պետությունը չի մտնում հակամարտության մեջ, ապա այն պետք է անի հնարավոր ամեն ինչ դրա մասնակիցների մերձեցման համար։
Սալվինին նաև մեկնաբանել է Իտալիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Պարամոնովի և ռուսաստանի հետ աշխատանքը շարունակող իտալական ընկերությունների ներկայացուցիչների հետ իր վերջերս ունեցած հանդիպումը։ Ըստ փոխվարչապետի՝ խոսքը մոտավորապես 350 ընկերության , դրանց թվում՝ Cremonini և Marcegaglia խոշոր ձեռնարկությունների մասին է։
«Եթե ես հանդիպում եմ նաև Ռուսաստանի դեսպանի հետ, նշանակում է՝ ես կատարում եմ իմ աշխատանքը»,- ասել է Սալվինին՝ նշելով, որ բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպումն անհրաժեշտ էր նրանց խնդիրները լսելու և նրանց օգնելու փորձ անելու համար։
Ըստ «Լիգայի» առաջնորդի՝ նա ընկերություններին խնդրել է մեկ շաբաթվա ընթացքում պատրաստել հաշվետվություն հինգ-վեց ուղղություններով, որոնցում կառավարությունը կարող էր աջակցության միջոցներ ձեռնարկել։ Նա նշել է, որ իտալական բիզնեսը շարունակում է աշխատել ռուսական շուկայի ամենատարբեր ոլորտներում՝ նորաձևությունից մինչև գյուղատնտեսություն։
Առանձին Սալվինին քննադատել է Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցային քաղաքականությունը։ Ըստ նրա՝ Բրյուսելն արդեն ընդունել է պատժամիջոցների 21 փաթեթ, որոնք, ինչպես նա պնդում է, զգալի դժվարություններ են ստեղծում իտալական ընկերությունների համար։ Որպես օրինակ նա բերել է 83 էջ զբաղեցնող 20-րդ պատժամիջոցային փաթեթի ամփոփագիրը։
Սալվինին ընդունել է, որ իտալական կառավարությունում Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում կան տարբեր դիրքորոշումներ։ Մասնավորապես, նա նշել է իր հայացքների և արտգործնախարար Անտոնիո Տայանիի դիրքորոշման միջև եղած տարբերությունները։
Միաժամանակ, Սալվինին հանդես է եկել ընդդեմ եվրոպա ռուսաստանցիներին տրվող տուրիստական վիզաների տրամադրման լիակատար դադարեցման։ Նա հայտարարել է, որ նման սահմանափակումից հրաժարվելը կարող էր դառնալ իտալական կառավարության ընդհանուր դիրքորոշումը։
«Հուսով եմ՝ տուրիստական վիզաները չարգելափակելու որոշումը կարող է դառնալ ամբողջ կառավարության դիրքորոշումը»,- ասել է Սալվինին։





























