Գերմանիայում ձերբակալել են Իրաքի 24-ամյա քաղաքացու՝ իսլամիստական ահաբեկչական խումբ ստեղծելու և երկրի տարածքում հարձակում նախապատրաստելու կասկածանքով, գրում է Welt-ը՝ հղում անելով երկրի Գլխավոր դատախազությանը։

Գայլան Ալ-Մ.-ն հինգշաբթի ձերբակալել են Գերմանիայի Դաշնային քրեական ոստիկանության վարչության և Դաշնային ոստիկանության աշխատակիցները՝ Բրանդենբուրգ դաշնային հողի Բարնիմ շրջանում։

Քննության վարկածով՝ տղամարդը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գաղափարախոսութան կրող էր և դեռևս 2025 թվականի գարնանն սկսել էր հարձակումներ ծրագրել մարդկանց վրա, որոնց համարում էր «անհավատներ»։ Ինչպես պնդում է դատախազությունը, նա ձեռք էր բերել հրազեն և ուսումնասիրում էր Բրեմենի մի եկեղեցի՝ որպես հնարավոր առաջին թիրախ։

Քննիչները կարծում են նաև , որ Ալ-Մ.-ին հաջողվել է իր ծրագրերին ներգրավել առնվազն մեկ մարդու։ Միևաժամանակ, կողմնակիցներ հավաքագրելու մյուս փորձերը, դատախազության տվյալներով, անհաջող են եղել։

Ձերբակալվածին կասկածանք է առաջադրվել ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու և ահաբեկչական հարձակում նախապատրաստելու համար։ Ձերբակալությունից հետո նրան ներկայացրել են Գերմանիայի Դաշնային գերագույն դատարանի քննչական դատավորին, որը որոշել է քննության ընթացքում նրան կալանքի տակ պահել։