Հունաստանի խորհրդարանը հինգշաբթի միաձայն քվեարկեց «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունից պատգամավոր և նախկին եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսին անձեռնմխելիությունից զրկելու օգտին, հաղորդում է Politico-ն։
Որոշումն ընդունվել է, երբ բելգիական իշխանությունները նրա ձերբակալության եվրոպական հրամանագիր են արձակել՝ Qatargate-ի կոռուպցիոն գործի քննության շրջանակում։
Հրամանագիրն արձակվել է հունիսի 21-ին։ Բելգիական իշխանությունները Ավրամոպուլոսին մեղադրում են հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, պաշտոնատար անձին կաշառելու և փողերի լվացման մեջ։ Փաստաթղթում խոսվում է նաև ենթադրյալ մոտ 73 հազար եվրոյի ֆինանսական շահի մասին։
Քննությունը կապված է Fight Impunity կազմակերպության գործունեության հետ, որը հիմնադրել է Իտալիայից Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր Պիեր Անտոնիո Պանձերին։ Ավրամոպուլոսը եղել է դրա վարչության պատվավոր անդամը և սկանդալի սկսվելուց հետո դուրս է եկել կազմակերպությունից։
Ավելի վաղ բելգիական իշխանությունները մի քանի անգամ Ավրամոպուլոսին կանչել էին հարցաքննության, սակայն նա չէր ներկայացել։ Հունիսին հրամանագրի արձակումից հետո պատգամավորը դիմել էր Հունաստանի Գերագույն դատարան՝ խնդրելով արգելափակել դրա կատարումը՝ կասկածի տակ դնելով դրա իրավական հիմքերը։ Դատարանը մերժել է նրա խնդրանքը։
Սեպտեմբերի 17-ով թվագրված իրավական գրության մեջ Ավրամոպուլոսն ինքն է կոչ արել Հունաստանի խորհրդարանին զրկել իրեն անձեռնմխելիությունից, որպեսզի քննությունը կարողանա շարունակվել։ Միաժամանակ նա հայտարարել է, որ կապ չունի այն անօրինական գործողությունների հետ, որոնք քննում են բելգիական իշխանությունները։
Քվեարկությունից հետո պատգամավորը հայտնել է, որ կներկայանա բելգիացի քննիչների մոտ, հենց որ հարցաքննության օրը նշանակվի։ Ավրամոպուլոսը միաժամանակ ափսոսանք է հայտնել, որ մոտ մեկ տարի առաջ չի ներկայացել նախնական կանչերով։ Նա հավելել, է որ եթե ինքը այն ժամանակ ցուցմունք տար, ներկայիս ձերբակալության հրամանագիրը չէր լինի։
Qatargate սկանդալը բռնկվել է 2022 թվականի դեկտեմբերին՝ արդեն Ավրամոպուլոսի՝ Եվրահանձնաժողովից հեռանալուց հետո։ Բելգիական ոստիկանությունը Բրյուսելում մի շարք խուզարկություններ է անցկացրել, ձերբակալել է մի քանի կասկածյալի և առգրավել խոշոր չափի կանխիկ գումարներ։ Քննությունը կենտրոնացած է այն կասկածների վրա, որ Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչներն, ըստ ամենայնի, գումար կամ նվերներ են ստացել՝ Կատարի շահերը առաջ մղելու դիմաց։
Գործի հիմնական մեղադրյալների թվում են Պանձերին, Հունաստանից Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր Եվա Կայլին և նրա ամուսինը՝ Ֆրանչեսկո Ջորջին։ Նրանց մեղադրանք է առաջադրվել կոռուպցիայի, փողերի լվացման և հանցավոր կազմակերպությանը մասնակցելու համար։ Երեքն էլ ազատ են արձակվել կալանքից՝ մինչև դատավարությունը։ Պանձերին ընդունել է մեղքը և համաձայնություն է ձեռք բերել բելգիական դատախազության հետ՝ տեղեկություններ տրամադրելու դիմաց պատժի մեղմացում ստանալու համար։ Կայլին բազմիցս հայտարարել է իր անմեղության մասին։





























