ՎիվաՍել-ՄՏՍ-ը առաջինն է Հայաստանի բջջային օպերատորներից, որն առաջարկում է թարգմանչի աջակցությամբ հեռախոսազրույցի համաժամանակյա (սինքրոն) թարգմանության ծառայություն նրանց համար, ում անհրաժեշտ է զրուցել օտարերկրացու հետ:

Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է կոնֆերանս զանգի միջոցով զանգահարել 090000025 պրեմիում համարին եւ ապա՝ զրուցակցին: Բաժանորդին կտրվի լեզվի ընտրության հնարավորություն, որից հետո զրուցակիցները կարող են խոսել, իսկ մասնագետ-թարգմանիչը նրանցից յուրաքանչյուրի ասածը կթարգմանի մյուսի համար:

Ներկայումս իրականացվում է թարգմանություն հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, պարսկերեն, իտալերեն եւ արաբերեն լեզուներով: Ծառայությունը նախատեսված է թե օտարերկրացիների, եւ թե նրանց համար, ովքեր ունեն թարգմանության կարիք: Ծառայությունը հասանելի է միայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին: Ծառայությունը տրամադրվում է 500 դրամ/րոպե սակագնով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը վստահ է, որ բաժանորդներին տարբեր լեզուներով հաղորդակցվելու հնարավորության ընձեռումը արդյունավետ գործող Զանգերի կենտրոնի առանցքային բաղադրիչներից է:

Նոր նախաձեռնությունը կնպաստի Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու Հայաստանը զբոսաշրջության առավել գրավիչ ուղղություն դարձնելուն: