Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը այսօր՝ հուլիսի 19-ին հանդիպել է Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» հոգեւոր միության մի խումբ անդամների հետ:
Արարատյան Հայրապետական Թեմի Մամլո դիվանից հայտնում են, թե Նավասարդ Կճոյանը մեկ առ մեկ լսել է նրանց եւ բացատրել, որ տեր Հակոբ քահանա Խաչատրյանը տեղափոխվել է Սուրբ Երրորդություն եկեղեցի եւ այլեւս «Արարատ» հոգեւոր միության ղեկավարը չէ, քանի որ այդ միությունը պատկանում է Սուրբ Սարգիս եկեղեցու համայնքին եւ ենթակա է այդ համայնքի ծխական խորհրդին: Տեր Հակոբը իր գործունեությունը շարունակելու է՝ համակարգելով ամբողջ թեմի երիտասարդաց միություների աշխատանքներն ու կազմակերպչական հարցերը:
Տեր Հակոբին վերադարձնելու՝ միության անդամների խնդրանքին արքեպիսկոպոսը պատասխանել է, ասելով՝ եթե մինչեւ հիմա նրանք տեր Հակոբի գլխավորությամբ միայն «Արարատ» միության աշխատանքներով են զբաղվել, ապա հիմա իրենց աշխատանքի ծավալը միայն մեծանում է, քանի որ տեր հայրն այժմ ավելի շատ ժամանակ կունենա ողջ թեմի երիտասարդական կառույցի աշխատանքները կազմակերպելու համար: Այդ աշխատանքների համար Սուրբ Երրորդություն եկեղեցում պայմաններն անհամեմատ ավելի լավն են, աշխատանքային սրահն՝ ավելի մեծ, քան «Արարատ» միության այժմյան սենյակներն են:
Թեմական երիտասարդական կառույցը, որը ստեղծվել է Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հատուկ հանձնարարությամբ, ի սկզբանե ղեկավարել է տեր Հակոբը: Նավասարդ սրբազանն ասել է, որ ինքը տարիներ ի վեր հետեւում է նրա աշխատանքին եւ դրական պտուղները մեկ անգամ չէ, որ իր կողմից գնահատանքի են արժանացել: Կճոյանը վստահ է, որ «Արարատ» հոգեւոր միության անդամներն էլ լավագույնս կարող են ներգրավվել ողջ թեմի երիտասարդական կառույցի աշխատանքներում՝ ընդլայնելով իրենց գործունեությունը:





























