Լոռիի մարզի Մեծ Այրում գյուղում բնակիչների մոտ հաճախակի են դարձել առողջության հետ կապված խնդիրները: Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում ահազանգել են բնակիչները՝ խնդրելով պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա:
Ահազանգած բնակիչների փոխանցմամբ՝ գյուղացիների մեծ մասի մոտ առաջացել են գլխացավեր, փսխումներ, ինչպես նաեւ թոքային մի շարք հիվանդություններ, որոնց պատճառը, գյուղացիների պնդմամբ, գյուղին մոտ գտնվող Ախթալայի ԼՀԿ-ի պոչամբարներն են: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Մեծ Այրումի գյուղապետ Սահակ Նազարյանը եւս հասատեց բնակիչների բողոքը, նշելով, որ վերջին մեկ ամսում իրեն են դիմել 20 եւ ավելի բնակիչներ, որոնք բոլորն էլ տառապում են գլխացավերից ու փսխումներից: «Մենք սա վերագրում ենք պոչամբարերին, որը պատկանում է լեռնահարստացուցիչ կոմբինատին…բողոքների մեծ մասը գալիս է պոչամարին հարակից տներից»,-ասաց նա:
Գյուղապետի փոխանցմամբ՝ հիվանդներից մի քանիսը տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն ու ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ հիվանդների մոտ ախտորոշվել է թունավորում օդի վարակվածությունից: «Մենք բոլոր պատկան մարմիններին ահազանգել են, հիմա էլ գրավոր ենք պատրաստվում դիմել առողջապահության, բնապահպանության ու արտակարգ իրավիճակների նախարարություններին, որ գան քալեր ձեռնարկեն»,-ասաց նա հավելելով, որ խնդիրն ավելի է սրվում հատկապես ամռան ընթացքում, երբ պոճամբարներում գոլորշիացում է տեղի ունենում եւ օդը ավելի է վարակվում:
1170 բնակիչ ունեցող Մեծ Այրում համայնքում, համայնքապետի փոխանցմամբ, մարդկանց մոտ բացի վերը նշված խնդիրներից, նկատվում են նաեւ թոքային մի շարք հիվանդություններ:




























