Թուրքիայում վերջին 20 տարում մոտ 400 հազար երեխաներ ընտանիքի անդամների կամ հարազատների  կողմից սեռական բռնության են ենթարկվել, հայտնում է Taraf թերթը՝ վկայակոչելով պաշտոնական տվյալները:

Սոցծառայությունների, երեխաների իրավունքների պաշտպանության ինստիտուտի, ոստիկանության երեխաների հարցերով զբաղվող բաժնի հաշվետվությունները ցույց են տվել, որ վերջին 20 տարում 350-400 հազար երեխաներ  ընտանիքի անդամների կամ հարազատների  կողմից սեռական բռնության են ենթարկվել: Հաշվետվության համաձայն՝ չարագործների 80%-ն անմիջականորեն ճանաչել են երեխային կամ նրա ծնողներին:

Սեռական բռնության ենթարկվածների միայն 27%-ն է ինչ-որ մեկին պատմել իր հետ կատարվածի մասին: Երեխաների մեծ մասը նախընտրել է լռել: Նրանցից 32%-ն անգամ մեծանալուց հետո չեն պատմել կատարվածը:

Հաշվետվությունները ցույց են տալիս, որ Թուրքիան առաջին տեղն է գրավում որոնման համակարգերում 13-19 տարեկան երեխաների սեռական բնույթի լուսանկարների որոնմամբ: Միաժամանակ, Թուրքիան առաջին տեղում է  Google-ում çocuk pornosu/մանկական պոռնկագրություն որոնողների թվում: Համացանցում 13-19 տարեկան երեխաների սեռական բնույթի լուսանկարների թիվը գերազանցում է 36 հազարը: Դրանցից 42%-ը՝ 7 տարեկանից ցածր են, 77% -ը՝ 9 տարեկան եւ ցածր տարիքի: Լուսանկարներում պատկերված երեխաներից միայն մեկ տոկոսը կարող է նույնականացվել: