Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի հայրը` Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանը հուլիսի 19-ին հաղորդում է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում օրեր առաջ գրանցված միջադեպի մասին:

Մեր տեղեկություններով` նա ուրբաթ օրը Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ եւ հաղորդում ներկայացրել դատարանում իրեն հարվածելու մասին: Աամվել Սարգսյանը ասել է, որ եթե տեսնի, կճանաչի իրեն հարվածողներից մեկին, մյուսներին չի կարող ասել` կճանաչի,թե ոչ, քանի որ տարբեր կողմերից էին հարվածում: Տարածված լուրերի համաձայն, դատարանում միջադեպին սկզբից հարվածել են նրա ոտքին, հետո կրծքավանդակին եւ Սամվել Սարգսյանի շունչը կտրվել է, չի կարողացել հասկանալ, թե ովքեր են հարվածում, միայն մի քանի կողմից հարվածներ է զգացել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հուլիսի 16-ին, կայացել է Կարեն Եսայանի  սպանության գործով հերթական դատական նիստը, որի ժամանակ միջադեպ է արձանագրվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ամբաստանյալ Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը: «Վարդան Ղուկասյանը արհամարհական էր պահում իրեն, վիրավորական արտահայտություն էր թույլ տալիս մեր հասցեին, հարցաքննության կեսից շուռ եկավ եւ դուրս եկավ դատարանի դահլիճից` վիրավորելով մեզ: Դատարանից դուրս գալուց նրանցից մեկը հարվածել է Հարություն Սարգսյանի հոր` Սամվել Սարգսյանի ոտքին, մենք տեսանք կոշիկի փոշու հետքերը: Սամվել Սարգսյանը դատարանից «Շտապօգնության» մեքենայով տեղափոխվեց հիվանդանոց, այժմ Վերակենդանացման բաժանմունքում է, սրտի հետ խնդիրներ ունի»,- հայտնել էր փաստաբանը: Լուսինե Սահակյանը նշել էր, որ իրենք միջնորդություն են ներկայացրել Վարդան Ղուկասյանին կանչել դատարան եւ շարունակել հարցաքննությունը: Միջնորդել են նաեւ, որ դատարանը հաղորդում ներկայացնի  հանցագործության մասին, սակայն վերջինս ոչինչ չի ձեռնարկել, եւ Լուսինե Սահակյանը ինքն է  հաղորդում ներկայացրել Շիրակի մարզի դատախազին, որպեսզի քրեական գործ հարուցեն ՔՕ-ի  343-րդ հոդվածի հատկանիշներով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք):