Երեւանում շարունակվում է «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիան` ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի կողմից հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման: Այսօր` հուլիսի 22-ին, ակցիան միացել են ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, երգիչ Արթուր Իսպիրյանը, քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը, հեռուստալրագրող Պետրոս Ղազարյանը եւ այլ հայտնիներ: Իսկ դեռ երեկվանից ակցիային միացել եւ իր մեքենայով քաղաքացիներին անվճար տեղափոխում էին հայտնի դերասան Հայկ Մարությանը, «Արարատ» ամսագրի խմբագիր Ալեն Սիմոնյանը: Նիկոլ Փաշինյանի օգնական Վահագն Հովակիմյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պատգամավորը իր մեքենայով մարդկանց տեղափոխում է Կենտրոն վարչական շրջանից Նոր Նորք:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից քաղաքացիները Երեւանում տրոլեյբուսով երթեւեկելու համար պետք է վճարեն 100 դրամ՝ նախկինի 50-ի փոխարեն, իսկ ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով երթեւեկելու համար 150 դրամ՝ նախկինի 100-ի փոխարեն: Քաղաքապետարանի այս որոշումը առաջացրել է ընդվզում, սոցիալական ցանցերում ձեւավորված մի շարք խմբեր, նախաձեռնություններ բողոքի ակցիաներ են անցկացրել Երեւանի քաղաքապետարանի մոտ, այնուհետեւ մայրաքաղաքի փողոցներում թռուցիկներ են բաժանել «Չեմ վճարել 150 դրամ» գրությամբ:
Նշենք նաեւ, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտին քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, թե երեւանցիները կարող են հանգիստ լինել, տրանսպորտի ուղեվարձը չի թանկանալու:




























