Երգիչ Արթուր Իսպիրյանը երկու օր է` իրեն զգում է որպես գծատեր, օրվա կեսից նա փոխում է իր մասնագիտությունը եւ սկսում մարդկանց իր մեքենայով անվճար տեղափոխել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արթուր Իսպիրյանը:
Նրա ուղղությունը հիմնականում Մաշտոցի պողոտայից Կոմիտաս կամ Զեյթուն երթուղին է, մեքենայի վրա էլ փակցրել է «Կենտրոն-Կոմիտաս» ցուցանակը: Նրա մեքենան «գծի մեջ մտնում է» կեսօրից եւ մնում այնքան, մինչեւ կհոգնի երգիչ վարորդը: «Երբ ակտիվիստներ կան, մարդիկ ուրախությամբ նստում են մեքենաս, բայց երբ ակտիվիստներ չկան, ինչ-որ քաշվում են, չեն հասկանում` ինչի համար է, չեն ուզում հավատալ, մի տեսակ անվստահության մթնոլորտ է տիրում, ինձ թվում է` ինֆորմացված չեն, չեն հասկանում, թե ինչի պետք է այդ մեքենան իրենց անվճար տանի, բերի: Երբ ակտիվիստները հավաքված են Մաշտոցի պողոտայում, մարդիկ տեղեկացված են ու մեծ հաճույքով, նստում են: Ես էլ հին երեւանյան երգեր եմ դրել, այդ երգերի ուղեկցությամբ իրենց հասցնում եմ, ուր որ պետք է»,- ասաց երգիչը: Արթուր Իսպիրյանը նշեց, որ երթուղայինների վարորդների կողմից որեւէ վատ արձագանք չի եղել, իրենք էլ են հասկանում այս ամեն ինչը եւ դեմ են այս թանկացմանը, որովհետեւ «միայն իրենց քշելով չէ, իրենց բարեկամները, ծնողներն էլ են օգտվում հասարակական տրանսպորտից, մատչելի չէ այդքան գումար վճարելը»: Երգիչը նշեց, որ մարդկանց հետ զրուցելիս տեսնում է, թե ինչ վատ սոցիալական վիճակում են հայտնվել, ամեն ինչ թանկացել է` գազը, սնունդը, այս ամենի արդյունքում նրանք արտագաղթում են:
Երաժիշտը համոզված է, որ տրանսպորտի ուղեվարձի խնդիրը կլուծվի, եթե ժողովուրդն ակտիվ լինի: «Ես չեմ օգտվում երթուղային տաքսիներից, չեմ նկատում այդ բեռը, ծանրությունը եւ թանկացումները, բայց ժողովուրդը որ նկատում է, ինքը պետք է բողոքի ցույց անի, ես էլ իր կողքը կանգնած կլինեմ, ինչքան որ պետք է, ինչքան ժողովուրդը շնորհակալ կլինի, այնքան էլ գծի մեջ կլինեմ»,- ասաց նա:
Այսպիսով, Արթուր Իսպիրյանը մաքուր մեքենայով, արագ եւ ապահով ձեզ կտեղափոխի ձեր ցանկացած վայրը եւ դրա համար «չեք վճարելու 150 դրամ», այլ ընդամենը վճարելու եք բարձր տրամադրությամբ եւ ժպիտով: Երգիչը շեշտեց, որ իր մեքենայով երթեւեկելու առավելություններից է այն, որ վարորդը չի ծխում, մեքենայում հով է, ռաբիս երաժշտություն չի հնչում: «Ընդամենը կուզեմ, որ իմ ուղեւորները լինեն բարձր տրամադրությամբ, հավատով եւ հույսով: Ես ինձ լգծատեր եմ զգում»,- կեսկատակ, կեսլուրջ ասաց երգիչը:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից քաղաքացիները Երեւանում տրոլեյբուսով երթեւեկելու համար պետք է վճարեն 100 դրամ՝ նախկինի 50-ի փոխարեն, իսկ ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով երթեւեկելու համար 150 դրամ՝ նախկինի 100-ի փոխարեն: Քաղաքապետարանի այս որոշումը առաջացրել է ընդվզում, սոցիալական ցանցերում ձեւավորված մի շարք խմբեր, նախաձեռնություններ բողոքի ակցիաներ են անցկացրել Երեւանի քաղաքապետարանի մոտ, այնուհետեւ մայրաքաղաքի փողոցներում թռուցիկներ են բաժանել «Չեմ վճարել 150 դրամ» գրությամբ:
Նշենք նաեւ, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտին քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, թե երեւանցիները կարող են հանգիստ լինել, տրանսպորտի ուղեվարձը չի թանկանալու:





























