Ստամբուլի Գեզի այգում շինարարություն իրականացնելու արգելքը, որը հունիսի 6-ին կայացրել էր Ստամբուլի վարչական գործերով 6-րդ դատարանը, հանվել է տարածքային վարչական դատարանի կողմից։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունը բողոքարկել է վարչական 6-րդ դատարանի վճիռը, սակայն վարչական 1-ին դատարանն անփոփոխ է թողել թողել ծրագրի դադարեցման որոշումը։ Այնուհետ Մշակույթի եւ տուրիզմի նախարարությունը դիմել էր Ստամբուլի տարածքային վարչական դատարան, որտեղ ձայների մեծամասնությամբ որոշվել է հանել  6-րդ դատարանի որոշումը, այսինքն, թույլատրել Գեզի այգում շինարարություն իրականացնել։

Հիշեցնենք, որ Ստամբուլի քաղաքային իշխանությունները որոշել են «Գեզի» այգու ծառերի մի մասը կտրել՝ այգու այդ հատվածում շինություն կառուցելու համար, ինչին դեմ են դուրս եկել մի շարք արվեստագետներ, պատգամավոր եւ հասարակական գործիչներ։ Այդուհանդերձ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե որոշումն ընդունված է եւ այգին քանդվելու է։

Մայիսի 31-ի առավոտյան ոստիկանությունը դաժան մեթոդներով ցրել է այգում հերթապահություն անող քաղաքացիներին: Սա մեծ իրարանցում է առաջացրել ոչ միայն Ստամբուլում, այլ ամբողջ Թուրքիայում` առիթ դառնալով լայնամասշտաբ բախումների:

Իշխանությունները հետագա բախումներից խուսափելու համար հայտարարել են, որ «Գեզի» այգին վերականգնվելու է։