2001թ-ից մանկատուն հանձնված 12-ամյա աղջնակի մայրը հրաժարվում է նրան տեսակցել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը: Նրա խոսքով, արդեն 5 տարի է, ինչ այդ աղջնակն իրենց մանկատուն է տեղափոխվել, նրան որդեգրելու ցանկություն ունեցող ընտանիք է հայտնվել, աղջնակն էլ  շահագրգռված է, որ իրեն որդեգրեն, սակայն մայրը չի ներկայանում մանկատուն, որ երեխայից հրաժարվի, որպեսզի նրան որդեգրեն:

«Մորը չենք  կարողանում անհայտ բացակայող ճանաչել, քանի որ պարզել ենք, թե նա որ հասցեում է բնակվում: Միաժամանակ մայրը հրաժարվում է մանկատուն ներկայանալուց, որ երեխային մեկ այլ ընտանիք որդեգրի: Նամակ եմ գրել, մի երկու անգամ հրավիրել եմ մանկատուն, սակայն չի եկել: Պատրաստվում եմ  մեկ անգամ էլ նամակ գրել եւ դիմել դատարան»,- նշեց տնօրենը: Նա տեղեկացրեց, որ աղջնակի պապը մեկ անգամ եկել է մանկատուն, մի երկու անգամ էլ մորաքույրն է եկել, բայց մայրը կտրականապես հրաժարվում է գալ:

«Մի մութ բան կա, որը չի հաջողվում հասկանալ: Գոնե գան հրաժարվեն, այդ երեխային որդեգրման տանք: Չեմ հասկանում ինչու են ցանկանում երեխայի ճակատագրի հետ խաղալ»,- ասաց Նիկոլայ Նալբանդյանը: Հարցին, թե երեխան ցանկանո՞ւմ է  մորը տեսնել, նա արձագանքեց. «Հակառակը, ասում  է թող գա հրաժարվի, որ կարող ա մեկ այլ ընտանիք իրեն որդեգրի: Շատ աշխույժ, ճարպիկ երեխա է: Նրան անգլերենի պարապմունքի ենք տալիս: Եթե հոգատար ընտանիքում մեծանա, մեծ հաջողությունների կհասնի»: