Նախագահական նստավայրի դիմաց այսօր` հուլիսի 23-ին, բողոքի ակցիա անող «Նաիրիտ» գործարանի ավելի քան 500 աշխատակիցների խոստացել են մասնակի վճարել կուտակված աշխատավարձերը: Ակցիայի մասնակիցներից մեկը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ աշխատակիցներին խոստացել են մինչեւ հուլիսի վերջ վճարել մեկ ամսվա աշխատավարձը եւ մինչեւ օգոստոսի վերջ վճարել եւս մեկ ամսվա աշխատավարձ:

«Նաիրիտի» աշխատակիցներից բաղկացած բանագնացների խումբը նախագահական նստավայրում հանդիպել է նախագահի վերահսկողության բաժնի պետի տեղակալի հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Նաիրիտ» գործարանի ավելի քան 500 աշխատակիցներ, այսօր` հուլիսի 23-ին, հավաքվել են գործարանի մոտ, որտեղից երթով շարժվել են դեպի Բաղրամյան-26՝ նախագահի նստավայր: Աշխատակիցները պահանջում են վճարել իրենց 10-11 ամսվա աշխատավարձը, վերագործարկել գործարանը: Ցուցարար աշխատակիցներից մեկը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ «Նաիրիտի» աշխատակիցներից բանագնացների խումբ է կազմվել, որն այս պահին մտել է նախագահական նստավայր եւ ներկայացնում է ցուցարարների պահանջները: Աշխատակիցներին խոստացել էին աշխատավարձը վճարել մինչեւ հուլիսի 15-ը, սակայն այդպես էլ չէին վճարել: