Թեեւ բնակչությունը սպառում է «ՀայՌուսգազարդ» ընկերության կողմից մատակարարված գազի ընդամենը 35 տոկոսը, սակայն նրան բաժին է ընկնում համակարգի ամբողջ ծախսերի շուրջ 60 տոկոսը եւ ներդրումների գերակշիռ մասը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը՝ անդրադառնալով որոշ տնտեսագետների կողմից գազի սակագնի նվազմանը վերաբերող առաջարկներին:
Նշենք, որ նրանք առաջարկում են միավորել ժողովրդին սպառողական կոոպերատիվների մեջ, որոնք սպառած գազի համար կվճարեն 10 հազար խմ-ից ավելի սպառում ունեցող բաժանորդների համար սահմանված ավելի ցածր սակագնով:
«Առաջին հայացքից ասվածի մեջ կարելի էր տրամաբանություն գտնել, եթե այն հնչեր ոչ տնտեսագիտական շրջանակներից: Մյուս կողմից զարմանալի է, որ տնտեսագետներն են նման լուծումներ առաջարկում` առանց խորամուխ լինելու մինչեւ 10 հազար խմ սպառում ունեցող եւ 10 հազար խմ ավելի սպառում ունեցող բաժանորդներին վաճառվող բնական գազի սակագների տարբերակման տնտեսական հիմնավորումների եւ մեթոդաբանության մեջ:
Ի դեպ, գազի գների նշված տարբերակումը առկա է եւ կիրառվում է աշխարհի բազմաթիվ երկրներում»,-ասաց Սարդարյանը:
Նա նկատեց, որ Հայաստանի գազամատակարարման համակարգը բաղկացած է բարձր, միջին եւ ցածր ճնշման գազատարներից, որոնց շահագործումը եւ սպասարկումը պահանջում է իրարից զգալիորեն տարբերվող ծախսեր:
«Խոշոր սպառողները հիմնականում օգտվում են բարձր եւ միջին ճնշման գազատարներից: Գազի սպառման ընդհանուր կառուցվածքում նրանց կողմից սպառած գազի ծավալների տեսակարար կշիռն ավելի շատ է, սակայն շահագործման եւ սպասարկման ծախսերը` համեմատաբար ցածր:
Մինչդեռ բնակիչները հանդիսանում են գազամատակարարման համակարգի վերջին օղակի սպառողներ եւ նրանց գազամատակարարումը պահանջում է միավորի բերված ավելի մեծ ծախսեր եւ ներդրումներ:
Վերջնական սպառողի համար սահմանված սակագները հաշվարկված են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված մեթոդաբանությամբ, որը հիմնված է լուրջ տնտեսական կատեգորիաների եւ տնտեսագիտական հիմնավորումների վրա, եւ սիրողական կամ պոպուլիստական լուծումներ չի ընդունում»,-ընդգծեց ընկերության մամուլի քարտուղարը:




























