Ոստիկանության Կենտրոնի բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց բերման ենթարկված վերջին երիտասարդը`  Գեւորգ Սաֆարյանը: Այս մասին Ոստիկանության Կենտրոնի բաժնից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Ոստիկանությունից դուրս գալուց հետո նա շնորհակալություն հայտնեց հավաքված բազմությանը: Երիտասարդը նշեց, որ ոստիկանները երիտասարդներին բերման են ենթարկում այն նպատակով, որ խոչընդոտեն ակցիաները, քանի որ ակտիվիստները այդ դեպքում կհավաքվեն ոստիկանական բաժանմունքների մոտ եւ չեն մասնակցի ակցիաներին:

Նա հորդորեց ցուցարարներին, որ եթե անգամ իրենց բերման են ենթարկում, ոչ թե հավաքվեն ոստիկանական բաժանմունքներում, այլ շարունակեն ակցիաները:

Գեւորգ Սաֆարյանին Երեւանի քաղաքապետարանի մոտից բերման էին ենթարկել որպես կասկածյալ, նա հրաժարվել էր ցուցմունք, բացատրություն տալուց: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին ոստիկանության Կենտրոնի բաժնի մոտից հավաքված բազմությունը շարժվում է  դեպի Տրանսպորտի նախարարության մոտ, որպեսզի այնտեղ շարունակի ակցիան:

Նշենք, որ ավելի վաղ ազատ էին արձակվել բերման ենթարկված 8 ակտիվիստ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am