Երեւանի քաղաքային տրանսպորտի ուղեւորները պետք է կրկին 100 դրամ վճարեն նախկին 150-ի փոխարեն: Այս մասին հուլիսի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Նրա խոսքով՝ Երեւանի քաղաքապետարանի՝ տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու վերաբերյալ որոշումն անհիմն է: «Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամենայն հավանականությամբ, դուրս չի գալիս իր աշխատասենյակից եւ տեղյակ չէ, թե ինչ է կատարվում քաղաքում: Այլ կերպ նրա հայտարարությունները մեկնաբանել հնարավոր չէ»,-հավելել է ընդդիմադիրը:

Նրա խոսքով՝ շատ կարեւոր է հանրային բողոքը, հասարակության կամքի ազատ դրսեւորումը, քաղաքապետարանի ինքնակամ որոշման դեմ բողոքը: Հնարավոր է, որ այս դեպքում որոշումը վերանայվի:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից Երեւանի երթուղայինների եւ ավտոբուսների ուղեվարձը 100 դրամից թանկացել է 50 դրամով՝ հասնելով 150 դրամի: