Եթե հղիության՝ սեռով պայմանավորված արհեստական ընդհատումները շարունակվեն, կանխատեսումների համաձայն՝ Հայաստանում մինչեւ 2060 թվականը մոտ 93 հազար մայր չի ծնվի: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Տարեկան չծնված աղջիկների թիվը մինչեւ 2060 թվականը կկազմի 2000: Աղջիկներին տղաներով փոխարինելու ցանկության հետեւանքով Հայաստանի բնակչությունը կնվազի 80 հազարով: Հայաստանում նորածինների սեռերի անհամամասնությունը խախտվել է 1991 թվականից սկսած:

Առողջապահության նախարարության Մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանն առաջարկում է օրենք ընդունել՝ մինչեւ 6 ամսական հղիությունը ծնողներին պտղի սեռը չհայտնելու մասին: Այս պարագայում, ըստ նրա, ոչ մեկը չի դիմի հղիության ընդհատման...

2012թ. հունիսից 2013թ. հունվար ամիսներին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի պատվերով Փարիզի բնակչության եւ զարգացման կենտրոնի Զարգացման հետազոտական ինստիտուտը ներկայացնող դոկտոր Քրիստոֆ Գիլմոտոյի կողմից իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ 100 աղջկա դիմաց ծնվում է 114 տղա: Սա համարվում է աշխարհում արական սեռի նորածինների գերակշռության ամենաբարձր մակարդակ: Այդ ցուցանիշը վերջին տասնամյակում Հայաստանի մարզերում տատանվում է 111-124-ի միջեւ: Կարեւոր է նաեւ, թե նորածինը որերորդ երեխան է. երրորդ երեխայի դեպքում, օրինակ, 100 աղջկա դիմաց ծնվում է 160 տղա: Սա աշխարհում արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է: Մինչեւ 15 տարեկան տղա երեխաների թիվը գերազանցում է աղջիկների թվին գրեթե 39 հազարով...»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):