«Վճարում ենք 100 դրամ» բողոքի ակցիան՝ ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի կողմից հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման, այսօր՝ հուլիսի 24-ին շարունակվում էէ Երեւանի Կենտրոն եւ մյուս վարչական շրջաններում: Ակտիվ քաղաքացիները առավոտյան ժամը 9-ից թռուցիկներ են տարածում երթուղայիններին, ցուցադրական վճարում 100 դրամ՝ 150 դրամի փոխարեն՝ մարդկանց կոչ անելով եւ իրազեկելով, թե ինչու չպետք է ավելին վճարեն:

Այսօր նաեւ շարունակվելու է նախօրեին մեկնարկած Free car ակցիան, որի շրջանակներում հայտնի անձինք եւ պարզապես մեքենա ունեցող քաղաքացիները պտտվում են քաղաքում եւ մարդկանց անվճար տեղափոխում:

Երեկ ակցիան բավական հաջողված է եղել, դրան մասնակցել են Հայկ Մարությանը, Արամ Mp3-ը, հաղորդավար Պետրոս Ղազարյանը, երգիչ Արթուր Իսպիրյանը, հումորիստներ Գարիկ Պապոյանը, Վաչեն, Արմուշը, «Արարատ» ամսագրի խմբագիր Ալեն Սիմոնյանը, գործարար Վահան Քերոբյանը եւ այլք: Վերջիններս երեկ՝ ուշ երեկոյան հավաքվել եւ քննարկել են այսօրվա անելիքները:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից  քաղաքացիները Երեւանում տրոլեյբուսով երթեւեկելու համար ստիպված են վճարել 100 դրամ՝ նախկինի  50-ի փոխարեն, իսկ ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով  երթեւեկելու համար 150 դրամ՝ նախկինի 100-ի փոխարեն: Քաղաքապետարանի այս որոշումը առաջացրել է ընդվզում, սոցիալական ցանցերում ձեւավորված մի շարք խմբեր, նախաձեռնություններ բողոքի ակցիաներ են անցկացնում Երեւանի քաղաքապետարանի մոտ, այնուհետեւ մայրաքաղաքի փողոցներում թռուցիկներ բաժանում «Չեմ վճարել 150 դրամ» գրությամբ: Այս ակցիաների առնչությամբ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել եւ կոչ արել հարգել համակեցության կանոնները եւ ձեռնպահ մնալ  երթեւեկության  յուրաքանչյուր մասնակցի իրավունքները խոչընդոտելուց, իսկ այն անձինք, ովքեր  ոստիկանության դրսեւորած  հանդուրժողականության պայմաններում հանդգնել են խախտել օրենքի պահանջները,  կհայտնաբերվեն  ու կենթարկվեն պատասխանատվության:

Նշենք նաեւ, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտին քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, թե երեւանցիները կարող են հանգիստ լինել, տրանսպորտի ուղեվարձը չի թանկանալու:

Լուսանկարները՝ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան էջից