Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում ընդունել է «Լույս» հիմնադրամի կրթաթոշակակիրներին եւ շրջանավարտներին:
«Պետությունը ձեզ աջակցում է սովորելու աշխարհի լավագույն տասը համալսարաններում, որպեսզի այնտեղ առկա լավագույն փորձը եւ գիտելիքները ծառայեցնեք ի նպաստ մեր երկրի զարգացմանը», - ողջույնի խոսքում ընդգծել է Տիգրան Սարգսյանը:
Կառավարության ղեկավարն անդրադարձել է արդի աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին եւ այդ համատեքստում Հայաստանի զարգացման միտումներին ու հեռանկարներին: Վարչապետ Սարգսյանը նշել է, որ ժամանակակից աշխարհում կարեւորագույն ռեսուրսը գիտելիքն է, ինչը հնարավորություն է տալիս արագ փոփոխվող եւ փոքրացող աշխարհում ձեռք բերել մրցակցային առավելություններ եւ զարգանալ:
Հանդիպման ժամանակ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի շրջանակում հարցուպատասխանի միջոցով վարչապետը եւ «Լույս»-ի ուսանողները քննարկել են Հայաստանի զարգացման տեսլականը եւ մարտահրավերները: Մասնավորապես, արծարծվել են տնտեսության զարգացմանը, կրթության եւ գիտության ոլորտի բարեփոխմանը, տարածքային համաչափ զարգացման ապահովմանը, մտածելակերպի փոփոխությանը, ինչպես նաեւ ուսանողներին հուզող մի շարք այլ հարցեր:
Տիգրան Սարգսյանը նաեւ ողջունել է «Լույս»-ի ուսանողների կողմից «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի շրջանակում մեր երկրի տարբեր համայնքներում հաջողված նախաձեռնությունների իրականացումը եւ հորդորել շարունակել այդ աշխատանքը:





























