Աշտարակի ձորի հանգստավայրը աղբանոցի տպավորություն է թողնում, քանի որ մաքրությունն այնտեղ բարձիթողի վիճակում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում դժգոհել են հանգստավայրի այցելուները:

«Գետի մեջ տոպարկներ, շշեր եւ աղբ է նետված: Որոշ վայրերում աղբն այն աստիճանի ընդգծված է, որ անգամ մեծ ցանկության դեպքում երեխաներին չենք թողնում գետը մտնել: Բնականաբար ստեղծված իրավիճակի մեղավորությունը ոչ միայն սեփականատերերինն է, այլեւ հանգստացողներինը, որոնք աղբը նետում են ուր պատահի: Դրա պատճառը նաեւ այն է, որ աղբամանները հատուկենտ են եւ քամին տոպրակների աղբը ցիրուցան է անում:

Խնդրին պետք է լուծում տրվի, հակառակ դեպքում հանգստյան գոտին կվերածվի աղբավայրի»,- դժգոհեցին այցելուներից մի քանիսը:

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանից փորձեցինք հետաքրքրվել, թե որքանո՞վ է տեղյակ ստեղծված իրավիճակից եւ ինչու միջոցներ չի ձեռնարկում այն շտկելու համար, ինչին նա պատասխանեց, որ ինքն Աշտարակի ձոր չի գնացել եւ նման իրավիճակ չի տեսել: Փոխարենը հավաստիացրեց, որ դժգոհությունը կփոխանցի համապատասխան կառույցներին, որ եթե նման իրավիճակ է, խնդրին լուծում տան: