NEWS.am-ը մեջբերում է «MENAFN» կայքում հրապարակված ֆրանսիական լրատվական France-Press գործակալության հոդվածը` զգալի կրճատումներով:
Իր քարակերտ տան հարեւանությամբ գտնվող ծառի ճյուղերից կախելով լվացքը` Լիանան մտածկոտ պատմում է իր կորսված մանկության մասին, որն ավարտվել էր 14 տարեկանում ամուսնանալուց հետո: Լիանան Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ է, որում հաշվվում է շուրջ 40 հազար մարդ: Այս ժողովուրդը ոչխար է պահում եւ հետեւում իր հնագույն դավանանքին, որը ներառում է երկրպագություն հրեշտակ-սիրամարգին: Նրանց բարքերը խիստ են եւ տարբերվում են ժամանակակից աշխարհի արժեքներից` առաջին հերթին դեռահաս տարիքում աղջիկների ամուսնությամբ։
Համայնքում ոմանք, հատկապես` երիտասարդությունը, այսօր ցանկանում են դուրս գալ ավանդույթների սահմաններից եւ սովորական կյանք ու աշխատանք ունենալ: «Երբ ես 14 տարեկան էի, ծնողներս այլեւս թույլ չտվեցին դպրոց գնալ եւ ամուսնացրին,–ասում է 23-ամյա Լիանան: -Սակայն ես ցանկանում եմ, որ իմ աղջիկները կրթություն ստանան, դառնան որեւէ բնագավառի մասնագետ եւ լավ պայմաններում ապրեն»:
Երիտասարդության բազմաթիվ ներկայացուցիչներ հաճախ են հակադրվում նախնիների կենսակերպին` հրաժարվելով ունենալ շատ երեխաներ, ոչխար արածեցնել կամ էլ ավանդական հագուստ կրել: Երիտասարդ 100 եզդիներ սովորում են Հայաստանի բուհերում, ասում է Խդըր Աջոյանը` իրենց լեգենդար հայրենիքի պատվին անվանված «Էզդիխանա» եզդիական թերթի խմբագիրը:
Երիտասարդ եզդիների մեծամասնության համար լավ կյանքի երազանքը կապված է արտերկիր մեկնելու եւ փակ հասարակության մշակութային խիստ կանոններից ձերբազատվելու հետ: Նրանցից շատերն արդեն արտագաղթել են Եվրոպա կամ Ռուսաստան, մյուսները այդ ճանապարհին են, այդ թվում նաեւ Լիանան` իր ընտանիքով:
«Մենք Հայաստանում խնդիր չունենք, սակայն ես չեմ ցանկանում, որ իմ աղջիկներն ապրեն իրենց մոր պես, - ասել է Ազիզը` Լիանայի ամուսինը: - Ես չեմ ուզում, որ նրանք մինչեւ կյանքի վերջն անասունապահությամբ զբաղվեն: Ինչ էլ որ ուզեն դառնալ, դա նրանց որոշումն է լինելու: Ես չեմ ուզում միջամտել», – նշել է նա:




























